Մյանմայում գեղեցկության թագուհուն զրկել են տիտղոսից՝ ռոհինջա մուսուլմանների մասին տեսանյութի պատճառով

17:50 • 05.10.17

Մյանմայում (Բիրմա) գեղեցկության թագուհի Շվի Էայն Սին հայտարարել է, որ իրեն զրկել են գեղեցկության մրցույթի հաղթողի տիտղոսից, քանի որ ինքը Facebook-ում կիսվել է ռոհինջա մուսուլմանների վերաբերյալ քննադատական տեսանյութով:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Մյանման բուդդիստական երկիր է, որտեղ լուրջ կոնֆլիկտ կա ռոհինջա մուսուլմանների հետ: Մյանմայի բանակը մեղադրվում է երկրի արևմուտքում ռոհինջաների դեմ ուղղված էթնիկ զտումներ իրականացնելու համար:

Հայտնի է, որ գրաֆիկական տեսանյութում Սին ռոհինջա մուսուլմաններին մեղադրում է մեդիաարշավ կազմակերպելու ու աշխարհին թյուրիմացության մեջ գցելու համար:

Տեսանյութում գեղեցկուհին խոսում է, մինչ ցուցադրվում են արնաշաղախ մարդկանց, մերկ երեխաների լուսանկարներ:

Տեսանյութի տարածումից հետո գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ Շվի Էայն Սին այլևս զրկված է գեղեցկուհու տիտղոսից, քանի որ խախտել է պայմանագրի կանոնները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ի վեր՝ Մյանմայի իշխանությունների ու ռոհինջա մուսուլմանների միջև լարվածության սրացումից առ այսօր երկրից հարևան Բանգլադեշ է փախել ավելի քան կես մլն ռոհինջա:

 

Картинки по запросу Miss Grand Myanmar Shwe Eain Si