Ուկրաինան արգելել է Վրաստանի 10 քաղաքացու մուտքը երկիր՝ Սաակաշվիլիի սահմանն անցնելու միջադեպին մասնակցելու համար

14:09 • 05.10.17

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է Վրաստանի տասը քաղաքացու մուտքը երկիր, որոնք մասնակցել են «Շեգինի» անցակետի իրադարձություններին, երբ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր աջակիցների օգնությամբ հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը: Այդ մասին Ուկրաինայի գերագույն ռադայի իրավապահ հարցերի հանձնաժողովի նիստին հայտնել է Պետական սահմանապահ ծառայության նախագահի տեղակալ Վասիլի Սերվատյուկը, հայտնում է ukranews.com–ը:


Բացի այդ, վեց վրացիների համար, որոնք մասնակցել են անցակետում տեղի ունեցած իրադարձություններին, չեղարկվել են Ուկրաինայում ժամանակավոր բնակության մասին վկայականները:


Պետական սահմանապահ ծառայությունը պարզել է 350 մարդու ինքնությունը, որոնք մասնակցել են անցակետում տեղի ունեցած իրադարձություններին: Նրանցից 41-ն անօրինական կերպով սեպտեմբերի 10-ին հատել է սահմանը:


Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը Սաակաշվիլիին մեղադրել է սեպտեմբերի 10-ին երկրի սահմանն ապօրինի հատելու համար և դիմել է դատախազություն: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և մոտ 130 դոլարի չափով տուգանք նշանակել:


Միևնույն ժամանակ, ուկրաինական քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահն իրեն Ուկրաինայում քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմում է ներկայացրել համապատասխան մարմիններ: