Միանշանակ է, որ Չեխիան Ադրբեջանին զենք վաճառելու լիցենզիա չի տրամադրել. Չեխիայում ՀՀ դեսպան (տեսանյութ)
Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի խոսքով՝ Հայաստանի դեսպանությունը ամենասկզբից ՝ երբ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, թե իրենք Չեխիայից զենք են ձեռք բերել, գործընթացին հետևել է: Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախկինում էլ ունեցել են ահազանգեր, որ Ադրբեջանը ցանկանում է զենք գնել Չեխիայից:
«Այդ փորձերը կանխվել են: Այն ժամանակ խոսքը ոչ միայն լետալ զինատեսակներ գնելու մասին էր, այլ նաև ռադարների և այլն, և այլն, բայց այդ գործարքները տեղի չեն ունեցել նաև մեր միջամտությամբ»,- ասաց նա:
Նշենք, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանում է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հրավերով այստեղ ժամանած Չեխիայի պատվիրակության հետ, որը ղեկավարում է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:
ՀՀ դեսպանը նկատեց, որ Հայաստան այցելության շրջանակներում ունեցած իր բոլոր հանդիպումներում Միլան Շտեխը բացատրություններ է տվել Չեխիայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հավանականության մասին: «Նա ներկայացրել է, որ Չեխիա պետությունը որևէ կերպ ներգրավված չի եղել այդ գործարքներում և ընդհանրապես այսօր հետաքննություն է տարվում, և նաև մեր դեսպանության խնդրանքով և մեր դեսպանության խողավակներով՝ դեռ հստակ չէ` Չեխիայից գնացե՞լ է այն, թե՞ ոչ, կամ` այն Չեխիայի հետ կապ ունի՞, թե՞ ոչ»,- ասաց նա:
Տիգրան Սեյրանյանի խոսքով՝ գուցե չեխական զենքը երրորդ կամ չորրորդ երկրների միջոցով է հասել Ադրբեջան: «Ես որոշակի սխեմաներ պատկերացնում եմ, բայց քանի դեռ հետաքննությունն ավարտված չէ, դրա մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է: Միանշանակ է, որ Չեխիայի պետությունը, այսինքն՝ ներգրավված բոլոր գերատեսչությունները՝ արդյունաբերության և առևտրի նախարարությունն է, ներքին գործերի, պաշպանության և ամենակարևորը՝ արտաքին գործերի նախարարությունը նման վաճառքի լիցենզիա չեն տրամադրել »,- ասաց նա:
Չեխիայում ՀՀ դեսպանը նշեց, որ դեռևս հետևանքների, չեխական ընկերությանը պատժամիջոցների ենթարկելու մասին չեն խոսել: Հիմա, ըստ նրա, պարզապես ուսումնասիրում եմ գործընթացը, պարզվելու դեպքում միայն կքննարկեն նաև հետևանքները:
Այս օրերին Չեխիայից Հայաստան ժամանած պատվիրակության մեջ կային նաև գործարարներ:
Ի պատասխան հարցի`որքանո՞վ են հետաքրքրված նրանք հայկական շուկայով, դեսպանը նկատեց, որ իրենք առավել շատ շուկաներ են փնտրում իրենց ապրանքն այլ երկրներ արտահանելու համար: «Բավականին պահպանողական են ներդրումների հարցում, որովհետև իրենք ամեն դեպքում արտադրում են, տարատեսակ արտադրանք ունեն և փորձում են դա վաճառել, անկախ նրանից` դա փո՞քր, թե՞ մեծ շուկա է»,- ասաց նա:
Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Հայաստանը չեխ գործարարներին փորձում է համոզել, որ այստեղ իրենց արտադրությունը հիմնեն՝ նկատի ունենալով,որ Հայաստանն ունի մուտք Եվրասիական տնտեսական շուկա, նաև՝ Իրանի հետ են հիմա բանակցություններ վարվում ազատ տնտեսական գոտի հիմնելու ուղղությամբ: «Գրեթե 80 միլիոնանոց շուկայի նկատմամբ հետաքրքրություն կա, և պարոն Շտեխն իր ելույթում այդ հետաքրքրությունը բավական հստակ ձևակերպեց»,- նկատեց նա:
Տիգրան Սեյրանյանի հետ խոսեցինք նաև «Չեխական ավիաուղիների»՝ Երևան-Պրահա ուղղությամբ չվերթները վերսկսելու վերաբերյալ բանակցությունների մասին: Նա հիշատակեց, որ ութ տարի հայկական ավիաշուկայում թռիչք իրականացնող «Չեխական ավիաուղիները» 2014 թվականին հեռացավ Հայաստանից: Նրա խոսքով՝ բանակցություններ միշտ էլ եղել են թռիչքը վերականգնելու ուղղությամբ:
«Նախորդ շաբաթ ինքս հանդիպեցի «չեխական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Վիզա կոնկորդ»-ի ղեկավար Արթուր Բաբայանը, որը նախկինում Հայաստանում ներկայացրել է «Չեխական ավիաուղիները», հիմա էլ նրանց հետ կապը պահպանվում է: Խոսքը թռիչքը հաջորդ տարի մայիսին վերաբացելու մասին է,- ասաց նա՝ նշելով՝ չեխական ավիաուղիները որոշակի պայմաններ են ներկայացրել և դրանց շուրջ բանակցություններ ընթանում են,- ասում են, որ օդանավակայանի կամ նավիգացիայի ծախսերը բավականին թանկ են: Ես էլ հակադարձեցի, որ շատ ավիաընկերություններ թռչում են Երևան և բավականին հաջող»:
Տիգրան Սեյրանյանի խոսքով՝ հայկական ավիաշուկայից «Չեխական ավիաուղիների» հեռացման պատճառը նաև ընկերության կառավարման փոփոխությունն է. ընկերությունում ամենամեծ մասնաբաժին ունեցող ընկերությունը հիմնականում չարտերային թռիչքներով է հետաքրքրված: «Հիմա ես հավանականությունը 50-50 եմ համարում, որովհետև հիմա նախ «Չեխական ավիաուղիները» տնտեսական ճգնաժամից դուրս եկան, մի շարք նոր՝ եվրոպական ուղղություններ են բացվել, որոնք կարող են Հայաստանից տրանսֆերային ուղևորների տեղափոխել»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ-չեխական քաղաքական հարաբերություններին` նրան, թե ինչ դիրքորոշում ունի Չեխիան Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ՝ դեսպանը նշեց, որ Չեխիայի նախագահի դերը, օրինակ, այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շատ մեծ էր: «Նրա հորդորը մի շարք չեխ պատգամավորներ լսեցին,- ասաց նա՝ նկատի ունենալով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հորդորը իր երկրի խորհրդարանին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը,-բացի դրանից` Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում դեր խաղաց Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, բայց, առաջին հերթին, սա, կարծում եմ, երկարատև աշխատանքի արդյունք է: Երեք-չորս տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Չեխիան կգնա նման քայլի»,- ասաց նա:
Խոսելով Արցախյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի վերաբերյալ Չեխիայի քաղաքական շրջանակների դիրքորոշման մասին՝ Տիգրան Սեյրանյանը նշեց՝ չնայած այնտեղ կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք մոտ են կանգնած Ադրբեջանին, Չեխիայի դիրքորոշումը հստակ է՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շնորհիվ: «Այստեղ էլ մեծ աշխատանք է տարվել, որովհետև եղել են նաև ոչ հայանպաստ դրսևորումներ թե՛ Արտաքին գործերի նախարարությունում, թե՛ խորհրդարանում, բայց այսօր մենք ունենք հստակ դիրքորոշում, որը հստակ ձևակերպեց Սենատի նախագահը՝ հիմնախնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով»,– ասաց նա:
Տիգրան Սեյրանյանի հետ Tert.am-ի հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում․










