Կապան–Երևան–Կապան չվերթն իրականացնելու համար 5.5 մլն եվրո արժեքով ինքնաթիռ է ձեռք բերվել. Վահե Հակոբյան

15:45 • 06.10.17

Ներկայումս սկսվել է Կապանի օդանավակայանի ուղևորային համալիրի շինարարությունը, իսկ շահագործումը նախատեսվում է 2018 թ․ մայիսին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։

«Երկու օր առաջ չեխական ավիաընկերության հետ պայմանագիր կնքեցինք, և գնեցինք ինքնաթիռ, որը կատարելու է Կապան-Երևան-Կապան չվերթը։ Չեխական Լ-410 տիպի օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար»,- հայտնեց մարզպետը։

Ինքնաթիռի համար վճարվել է 5․5 մլն եվրո, որից 1․5 միլիոնը տրամադրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Սյունիքի զարգացման հիմնադրամը, իսկ մնացած 4 միլիոնը լիզինգի տեսքով է տրամադրվել, որը մարվելու է շահագործումից հետո։

«Առայժմ մեկ ինքնաթիռ ենք գնել, բայց նախատեսում ենք հետագայում ավելացնել դրանց թիվը։ Սա զուտ բիզնես ծրագիր չէ, այն սոցիալական խնդիր է լուծում, և համոզված եմ՝ մարզում մեծ ակտիվացում կլինի»,- ասաց Վահե Հակոբյանը։

Ինքնաթիռի տոմսի արժեքը դեռևս վերջնական հաշվարկված չէ, բայց նախնական երկկողմանի տեղափոխությունը լինելու է 30-40 հազար դրամի սահմաններում։ Իսկ  ուսանողների և բուժսպասարկման նպատակով թռիչների համար տոմսեր ավելի մատչելի են լինելու։ Նախատեսված է, որ թռիչքներն իրականացվելու են երկու օրվա պարբերությամբ։

«Բացի Երևանից հնարավոր է Կապանից թռչող օդանավը ընդունի նաև Գյումրու օդանավակայանը։ Նշեմ, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ աշխատանքներից հետո ոգևորություն կա ամբողջ հանրապետությունում, այլ մարզեր ևս ցանկանում են վերագործակել իրենց օդանավակայանները»,- նշեց նա։

Վահե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ մարզպետարանը  բանակցում է Թավրիզի նահանգապետի հետ՝ իրանցի զբոսաշրջիկներին Կապանից ինքնաթիռով Երևան տեղափոխելու համար։

Մարզպետը նաև ներկայացրեց Սյունիքում այլ ներդրումային ծրագրերը, որոնք իրականացվել են վերջին շրջանում։ Մասնավորապես, առաջիկայում Կապանում բացվելու է իտալական պիցցայի գործարան։

«Իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյի մոտ միտք հղացավ Հայաստանում կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն հիմնել, և նա ստանալով մարզային իշխանությունների աջակցությունը, որոշեց իր մտահաղացումը կյանքի կոչել»,- հայտնեց Վահե Հակոբյանը։

Կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է տեղական արտադրության մթերքից և նախապատվությունը տրվելու է Սյունիքի արտադրողներին։ Գործարանի շահագործումը նաև 50 աշխատատեղ կստեղծի կապանցիների համար։

Սյունիքի մարզպետը խոսքով՝ Կապանում բացվելու է «Մուլտի բրենդ աութլեթը», որտեղ ներկայացված են լինելու Zara, Bershka, Stradivarius, Pull and Bear, Newlook և այլ բրենդեր։ Ըստ նրա՝ սա մեծապես կնպաստի իրանցի զբոսաշրջիկների հոսքին, ինչպես նաև սյունեցիներին հնարավորություն կտա մատչելի գներով բրենդային արտադրանք ձեռք բերել։

Նոյեմբերի երկրորդ կեսին «Կապան մոլ» առևտրի կենտրոնում նախատեսվում է կինոթատրոնի բացում, որը հնարավորություն կտա Կապանում ցուցադրել արտասահմանյան արտադրության լավագույն ֆիլմեր։

Հիմնական ներդրումները լինելու են մարզկենտրոն Կապանում։ Մարզի մյուս քաղաքներում ևս ներդրումային ծրագրեր կան։ Գորիսում նախատեսվում է զարգացնել երկու ուղղություն՝ տուրիզմը և ՏՏ ոլորտը։ Սիսիանում առաջնային է համարվելու գյուղտնտեսության զարգացումը։ Իսկ Մեղրիում կառուցվելու է  կազինո, որը նորից ուղղված է իրանական շուկային։