Վճռական ենք երիտասարդների հետ աշխատել այնքան, որ ծխելը դարձնեն ոչ մոդայիկ գործառույթ. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մամուլի ասուլիսին ամփոփեց նախարարության գործունեության 9 ամիսների աշխատանքը: Նա անդրադարձավ կանխարգելման միջոցառումներին և նշեց, որ մինչ այս բյուջեի մեկ հինգերորդն էր ուղղվում ծրագրերի իրականացմանը:
«Մենք մտածում ենք այդ գումարն ավելացնել ապահովագրության անցնելուց հետո: Որոշ գումարներ կտնտեսենք բուժման ծրագրերով և կուղղենք կանխարգելման, սկրինինգային և այլ ծրագրերի ուղղությամբ»,-ասաց նա:
Նախարարը, խոսելով մասնավորապես հակածխախոտային պայքարի մասին, ասաց, որ այն սկզբնական շրջանում հակասական արձագանքների արժանացավ, չնայած առանց հանրային քննարկման նախարարությունը ոչ մի ծրագիր չի իրականացնի:
«Մենք պետք է անենք այն ամենը, որ երիտասարդ սերունդը չվերցնի ծխախոտը և ծխի: Պապիկները կարող են շարունակել հազալ, բայց թոռնիկները պետք է առողջ լինեն և սիգարետի հոտ նրանցից չպետք է գա»-ասաց նա։
«Երիտասարդը հիմնականում հետևում է մոդային, բայց մենք վճռական ենք ձեզ հետ աշխատել այնքան, որ ծխելը դարձնեք ոչ մոդայիկ գործառույթ. հակածխախոտային պայքարում այդպես պետք է մտածել»,-ասաց նախարարը լրագրողներին։










