Կոլումբիայում զինվորականները սպանել են կոկայի թփեր աճեցնող 9 գյուղացու
Կոլումբիայում տեղի է ունեցել կոկայի թփեր աճեցնող գյուղացիների զանգվածային սպանություն, սպանվել է ինը մարդ, 18 հոգի վիրավորվել է: Այդ մասին ասված է Նարինյո դեպարտամենտի Տումակո քաղաքի գյուղացիական ասոցիացիայի հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գյուղացիների վարկածով՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան, երբ նրանք հավաքվել են իրենց ցանքերը զինվորականների և ոստիկանության ուղեկցությամբ իրականացվող կոկայի թփերի ոչնչացման ջոկատի գործողություններից պաշտպանելու համար:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ զինվորականների ուղղությամբ ինքնաշեն ռումբեր են նետվել, սակայն գյուղացիական ասոցիացիան հերքել է այդ վարկածը և հայտարարել, որ գյուղացիների ուղղությամբ կրակ է բացվել առանց առիթի:
Իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի և զինվորականների վրա հարձակման համար պատասխանատու են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին ապստամբները:










