Դեն Բիլզերյանը խնդրել է ոստիկանին զենք տալ իրեն Լաս Վեգասի հրաձիգին սպանելու համար (տեսանյութ)
Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որում Instagram սոցցանցի հայազգի աստղ Դեն Բիլզերյանը վերադառնում է Լաս Վեգասի հրաձգության վայր և ոստիկանին խնդրում զենք տալ իրեն, հայտնում է The Daily Mail-ը:
Բացօթյա երաժշտական փառատոնին ներկա գտնված Դեն Բիլզերյանի հասցեին քննադատության ալիք էր հնչել, երբ կիրակի օրը տեղի ունեցած հարձակումից անմիջապես հետո հրապարակված տեսանյութում նա փախել էր կրակոցներից:
Վերջին տեսանյութը, սակայն, ցույց է տալիս, որ նա այնուհետև վերադառնում է դեպքի վայր և խնդրում ոստիկանին զենք տալ իրեն հրաձիգ Ստեֆեն Փեդոքի վրա կրակելու համար:
Նոր տեսանյութում Բիլզերյանը ոստիկանին ցույց է տալիս իր զենք կրելու վկայականը, բայց ոստիկանը նրան կոչ է անում հեռանալ հնչող կրակոցների ֆոնին:
«Հեռացի՛ր ինձանից հենց հիմա, ես չգիտեմ՝ դու ով ես»,- ասում է ոստիկանը։
Հայտնի է, որ Ստեֆեն Փեդոքը կրակ է բացել բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից՝ սպանելով 59 և վիրավորելով ավելի քան 500 մարդու: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման շարժառիթը:














