Իրաքյան Քրդստանը նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացնի նույն օրը՝ նոյեմբերի 1-ին. Rudaw

11:40 • 06.10.17

Իրաքյան Քրդստանում նոյեմբերի 1-ին միաժամանակ տեղի կունենան և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի խորհրդական Քեֆահ Մահմուդը, գրում է քրդական Rudaw կայքը:

Նա նշել է, որ մի քանի օրից կհաստատվեն նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների անունները, և ընտրական հանձնաժողովը կհրապարակի նրանց ցուցակը:

Բարզանիի խորհրդականը հայտնել է, որ ընտրություններին իրենք պատրաստվել են շուրջ մեկ տարի, իսկ բուն տեխնիկական նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 3 ամիս առաջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: