ԱՄՆ-ն պատրաստվում է դադարեցնել Պարսից ծոցի երկրների հետ որոշ համատեղ զորավարժություններ

15:08 • 06.10.17

Վաշինգտոնը դադարեցնում է Պարսից ծոցի երկրների հետ որոշ համատեղ զորավարժություններ՝ Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությանը:


«Մենք պատրաստվում ենք հրաժարվել որոշ զորավարժություններից՝ ելնելով ընդհանուր տարածաշրջանային շահերի սկզբունքից»,- հայտարարել է հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Թոմասը:


Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խրախուսել բոլոր գործընկերներին միասին աշխատել և համատեղ որոշումներ մշակել, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը:


Հաղորդվում է, որ արաբական երկրների «քառյակի»՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի համապատասխան գերատեսչությունները հաստատել են ԱՄՆ-ի հետ որոշ համատեղ զորավարժությունների դադարեցումը:


Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցության համար, և դադարեցրել են նրա հետ բոլոր տեսակի կապերը: