Որոշ կուսակցությունների համար 5-7% հավաքելը կարող է ջախջախիչ հաղթանակ համարվել. Է. Շարմազանովը՝ Է. Մարուքյանի հայտարարության մասին (տեսանյութ)

11:49 • 06.10.17

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած նորմալ, ժողովրդավարական երկրում տարբեր քաղաքական գործիչներ ու կուսակցություններ տարբեր գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր ընկալումներ։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին. սա ևս ընկալումների հարց է՝ մի կուսակցության համար համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երևանի ընտրություններում 70 տոկոս հավաքելը կարող է համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 տոկոս հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ»,-ասաց նա՝անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իրենց 7 հոգանոց խմբակցությունը ջախջախեց խորհրդարանական  մեծամասնությանը:

ԱԺ փոխնախագահը  նկատեց, որ  հանրապետությունում նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են և շեշտեց, որ  ԵԼՔ-ը դրանցում ակտիվ մասնակցություն չունի: Շարմազանովն ընդգծեց՝ եթե ԵԼՔ-ում այդքան վստահ են իրենց ուժերին, կարող են մասնակցել:

«Բայց որքան ես եմ տեղյակ, դեռևս ձեր նշած դաշինքի ներկայացուցիչները որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել: Եթե մի քաղաքական ուժ ցանկանում է ջախջախիչ հաջողության հասնել, չի կարող դրան հասնել՝ չմասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան