Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց մեր օրակարգում չկա, նման հարց չի քննարկվում. Իվետա Տոնոյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Ւվետա Տոնոյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իրենց խմբակցության պատգամավորները միայն վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության մասին են ինքնուրույն քննադատական խոսք ասում, իսկ մնացած դեպքերում սպասում են խմբակցության միասնական որոշմանը:
Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, թե իրենց խմբակցության ներկայացուցիչները բազմիցս տարբեր թեմաների շուրջ իրենց տեսակետը հայտնում են։
Հարցին, թե քանի որ հատկապես կառավարությանն են քննադատում, կարո՞ղ ենք ենթադրել, որ խմբակցությունում վարչապետի դեմ խմորումներ կան, Տոնոյանը պատասխանեց, թե իր գործընկերների խոսքին ավելացնելու ոչինչ չունի, քանի որ նրանք իրենց ամեն խոսք հիմնավորում են:
«Իմ գործընկերների յուրաքանչյուր խոսք ներկայացվել է հիմնավորումներով, փաստարկներով՝ տնտեսական աճի, արտագաղթի տեմպերի և այլնի մասին: Բայց սա չի նշանակում, որ դրականը որևէ մեկը չի նկատվում, որևէ մեկը դա չի տեսնում: Ինչ վերաբերում է կուսակցության ներսում առկա՝ Ձեր բարձրացրած խմորումներին, ասեմ, որ կտրականապես հերքում եմ, թե նման բան կա: Մեր կուսակցությունում կամ խմբակցության ներսում աշխատանքային մթնոլորտ է, առողջ մթնոլորտ է»,- շարունակեց նա:
Տոնոյանի խոսքով՝ իրենց խմբակցությունում փոխարենը կա փոխօգնության մթնոլորտ, որով իրենք աշխատում են:
Դիտարկմանը, թե եթե խմբակցությունում փոխըմբռնման մթնոլորտ է և իր գործընկերները գոհ չեն կառավարության աշխատանքից, հնարավո՞ր է՝ հաշվի առնեն բոլորի տեսակետները և անվստահություն հայտնեն կառավարությանը, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Սկզբունքորեն ես «եթե»-ներով, ենթադրություններով հարցերին չեմ պատասխանում, բայց ասեմ, որ նման հարց օրակարգում չկա, նման հարց չի քննարկվում»։










