ԱՄՆ-ում կնոջը 7-օրյա ազատազրկման են դատապարտել որդուն պատվաստումներ չանելու համար (լուսանկարներ)
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհի Ռեբեկա Բրիդոուն դատապարտվել է 7-օրյա ազատազրկման, քանի որ հրաժարվել է կատարել դատարանի՝ 9-ամյա որդուն պատվաստելու վերաբերյալ որոշումը:
Ինչպես նշում է The Washington Post-ը, կինը դատապարտվել է հոկտեմբերի 4-ին՝ 1 տարի առաջ Օքլենդի դատարանի կողմից որդուն պատվաստում անելու որոշումը չիրագործելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան հոկտեմբերի 4-ը Բրիդոուն պետք է ամեն ինչ աներ, որպեսզի տղան ստանար բոլոր 8 պատվաստումները: Սակայն մայրը, որն ի սկզբանե դատարանում համաձայնել էր անել պատվաստումները, ի վերջո հրաժարվել է՝ պատճառաբանելով կրոնական համոզմունքները:

«Ես սիրող մայր եմ, որը հոգ է տանում իր երեխաների, նրանց առողջության և բարեկեցության մասին: Ու եթե երեխայիս պարտադրում են պատվաստում անել, ես հրաժարվում եմ դրանից»,-դատարանի դահլիճում ասել է նա:

Նշվում է, որ Բրիդոուն նախկին ամուսնու հետ պայքարում է երեխայի խնամակալության իրավունքի համար: Հայրը ցանկանում է, որ որդին ստանա անհրաժեշտ պատվաստումները: Դատավոր Կարեն ՄքԴոնալդը Բրիդոուին հիշեցրել է, որ երեխան մորից զատ նաև հայր ունի, որի կարծիքի հետ ևս պետք է հաշվի նստել:

Այժմ երեխայի խնամակալության իրավունքը ժամանակավորապես տրվել է հորը: Դատարանը նրան պարտավորեցրել է անել բոլոր պատվաստումները: Մինչդեռ Բրիդոուն հարցազրույցի ժամանակ ասել է, որ պատրաստ Է բանտ գնալ, քանի որ չի կարող հրաժարվել կրոնական համոզմունքներից:
2016թ. անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ծնողները կա՛մ միտումնավոր են ուշացնում երեխայի պատվաստումը, կա՛մ էլ դրանից հրաժարվում են կրոնական, անձնական, փիլիսոփայական համոզմունքներից ելնելով, իսկ երբեմն էլ բավականաչափ իրազեկված չլինելու պատճառով:

Ամերիկյան բժշկական ընկերակցությունը քննադատում է այն ծնողներին, որոնք հրաժարվում են երեխաներին պատվաստել ջրծաղիկի, խոզուկի և այլ հիվանդությունների դեմ: Այնուհանդերձ՝ նահանգների մեծ մասը թույլ է տալիս ծնողներին կրոնական կամ անձնական դրդապատճառներից ելնելով պատվաստումներ չանել:











