Ադրբեջանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը։
Նշենք, որ մինչ Բաքու այցը ՄԽ համանախագահներն այցելել են Երևան և հանդիպել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը:










