Ագրամունտին կփոխարինի Եվրոպայի պահպանողականներին ներկայացնող Ռոջեր Գեյլը, իսկ 2018-ի հունվարից՝ Միխելե Նիկոլետին
ԵԽԽՎ կայքում տարածված հայտարարության համաձայն՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ Նախագահի պարտականություններն ավտոմատ իրականացնելու է ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Tert.am –ի հետ զրույցում կարծիք հայտնելով, որ այս բրիտանացին երբևէ աչքի չի ընկել կոռուպցիոն սկանդալներով կամ «խավիարասեր վարքով», այնուամենայնիվ, նշեց. «Ես տպավորություն ունեմ, որ ԵԺԿ-ն կօգտվի իր՝ մինչև հունվար ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ներկայացուցիչ ունենալու իրավունքից և կառաջադրի նոր նախագահ: Եթե ոչ, Գեյլը կշարունակի պաշտոնավարել»,–ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԵԺԿ-ից առաջադրված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հրաժարականի մասին հայտնել էր Twitter-յան էջում` գրառում թողնելով և հայտնելով, որ անձնական պատճառներով որոշել է այլևս չնախագահել ԵԽԽՎ–ում:
Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան պատվիրակների և քաղաքագետների՝ Ագրամունտին, որի իմփիչմենթի գործընթացը դեռ ամռանն էր սկսվել, խորհուրդ էին տվել խուսափել նվաստացման վերջին արարից, որն Ագրամունտին սպասում էր դեկտեմբերի 9-ին` ԵԽԽՎ լիագումար նիստի բացման ժամանակ: Հիշեցնենք, որ այս նիստի օրակարգի առաջին հարցը Ագրամունտի հրաժարականի քվեարկությունն էր:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ըստ ռոտացիոն կարգի` 2018 –ի հունվարին ԵԽԽՎ նախագահությունը կանցնի Սոցիալիստների խմբին:
Ինչ վերաբերում է հարցին`թե ով, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խմբի ներսում արդեն իսկ կայացված է քվեարկություն, և ԵԽԽՎ նախագահի թեկնածուն իտալացի Միխելե Նիկոլետին է:










