ԱՄՆ հարկային վարչությունը Լաս Վեգասի հրաձիգի հաշվեհամարին միլիոններ է հայտնաբերել. NBC News
Միացյալ Նահանգների հարկային վարչությունը Լաս Վեգասում երաժշտական փառատոնի այցելուների ուղղությամբ կրակ բացած և 59 մարդու կյանք խլած Ստեֆեն Փեդոքի հաշվեհամարին 5 միլիոն դոլար է հայտնաբերել, հայտնում է NBC News հեռուստաալիքը։ Նշվում է, որ 64-ամյա Փեդոքը հայտարարագրել էր այս գումարը 2015 թվականին և որպես գումարի աղբյուր նշել էր ազարտային խաղերը։
Քննիչները չեն բացառում, որ այդ գումարի մի մասը կարող էին ստացվել ներդրումներից։
Իր հերթին, CNN հեռուստաալիքը պարզել է, որ Փեդոքն իրականացրել է 20 կրուիզային շրջագայություն՝ կանգ առնելով Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Հորդանանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նշվում է, որ այդ նավերի մեծ մասում եղել են նաև խաղատներ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, ոստիկանությունում դեռ չեն պարզել՝ ինչն է դրդել Փեդոքին հանցագործության։ Ավելի վաղ նրա ընկերուհին՝ Մերիլու Դենլին պատմել էր, որ նա հանգիստ և հոգատար մարդ էր։
Ավելի վաղ The Daily Mail-ը հայտնել էր, որ Փեդոքը մուլտիմիլիոնատեր է եղել: Հրաձիգի եղբայրը պատմել էր, որ նա միլիոններ էր աշխատել անշարժ գույքի գործարքներից: Նա նաև երկու ինքնաթիռ ուներ և մի քանի սեփականություն ԱՄՆ-ում։ Ըստ հրաձիգի եղբոր՝ նա նորմալ մարդ էր թվում՝ խաղամոլությունից զատ:
Այնուամենայնիվ, նա գաղտնի կերպով հավաքել էր 42 միավոր հրազենից բաղկացած հսկայական զինանոց: Այդ հրացաններից 23-ը մի քանի օրվա ընթացքում տեղափոխել է հյուրանոցային համար:
Հիշեցնենք, որ տղամարդը հոկտեմբերի 1-ին կրակել է բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից՝ սպանելով 59 և վիրավորելով 527 մարդու: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է:










