Եվրոպական քաղաքներում Պուտինի ծննդյան 65-ամյակին նվիրված գրաֆիտիներ են հայտնվել (տեսանյութ)
Եվրոպական քաղաքներում հայտնվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով գրաֆիտիներ, որոնք նվիրված են ՌԴ նախագահի ծննդյան 65-ամյակին, որը նշվում է այսօր։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Skame Retors կեղծանունով հայտնի ֆրանսիացի նկարիչն իր գրաֆիտին պատրաստել է խորհրդային նկարիչ Ալեքսանդր Ռոդչենկոյի խորհրդային պաստառների ոգով և ուղեկցել այն «Պացիֆի՛ստ, ծնունդդ շնորհավոր» գրառմամբ։
Բարսելոնայում հայտնված գրաֆիտիում Պուտինը պատկերված է հանդիսատեսին աչքով տալիս։ Նկարի հեղինակը հաղորդագրություն է թողել. «Ամեն մարդ ինքնորոշման իրավունք ունի»։
Բեռլինում ՌԴ առաջնորդը պատկերված է խաղաղության խորհրդանիշ հանդիսացող սպիտակ աղավնիների շրջապատում բազկաթոռին նստած, որին կից հեղինակը մեջբերել է Եվրամիության հիմնից տողեր։
Երեկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային ռեժիմում:
«Սովորաբար, նա սիրում է նշել ծննդյան տոնը մտերիմների կամ աշխատանքային գործընկերների հետ: Ես ձեզ կարող եմ ասել մի բան՝ պլանավորված է հեռախոսազրույցների մի ամբողջ շարք. նախագահն ընդունելու է շնորհավորանքներ», - ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից զանգ չեն ակնկալում, և այդպիսի հեռախոսազրույց պլանավորված չէ:










