Ֆրանսիական դատախազությունը պահանջում է դատարանի առաջ կանգնեցնել Նիկոլա Սարկոզիին. Le Parisien

14:43 • 07.10.17

Ֆինանսական խախտումներով զբաղվող ֆրանսիական դատախազությունը պահանջել է դատարանի առաջ կանգնեցնել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ Le Parisien-ին հղումով:

Ֆրանսիական պարբերականի տվյալներով՝ դատախազությունը Սարկոզիին մեղադրում է կոռուպցիայի, կաշառակերության ու ծառայողական գաղտնիքի խախտումը թաքցնելու համար:

Նշվում է, որ նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաև Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգի ու վճռաբեկ դատարանի նախկին գլխավոր դատախազ Ժիլբեր Ազիբերի դեմ:

Աղբյուրը մանրամասնում է, որ դատախազն արդեն ստորագրել է դատական գործ սկսելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, որը դեռևս չի փոխանցվել Սարկոզիին:

Քննիչները  կարծում են, որ 2014թ. նախկին նախագահը փորձել է Էրզոգի միջոցով գաղտնի ծառայողական տեղեկություն ստանալ Ազիբերից: Այդ կերպ Սարկոզին ցանկացել է վերադարձնել  իր աշխատանքային ձայնագրությունները, որոնք առգրավվել էին 2007թ. իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակում: