Ունենք ընկերներ, որոնց ծնողները հաճախ ծեծի են ենթարկում. Օրրանի սաներ (տեսանյութ)
«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին» արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագիծն այս օրերին բուռն կերպով է քննարկվում, իսկ հանրային լսումներն անցնում են բավականին թեժ մթնոլորտում:
Նախագծի ընդդիմախոսները հայտարարում են, որ այս նախագծի ընդունումը պարտադրվում է ԵՄ–ի, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կողմից՝ վիզաների ազատականացման ռեժիմի համատեքստում և նախագծի ընդունման արդյունքում խարխլվելու են հայ ավանդական ընտանիքներն ու պառակտում է մտցվելու:
Նկատենք, սակայն, որ այսօր մեր հասարակության մեջ քիչ չեն դեպքերը, երբ անգամ երեխաներն են դառնում ընտանեկան բռնությունների զոհ: Թեմայի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաների հետ: Վերջիններս նշեցին, որ ընտանեկան բռնությունների մասին որոշ չափով տեղեկացել են դպրոցում՝ հասարակագիտություն առարկայի դասաժամերին: Բացի դա, իրենց ընկերական միջավայրում էլ կան դասընկերներ, ովքեր ծեծի կամ բռնության են ենթարկվում իրենց հոր կամ մոր կողմից:
«Օրինակ, իմ դպրոցական ընկերների շրջանում ունեմ ընկերուհիներ, որոնց ընտանիքներում կա բռնություն, կան վեճեր, ինչը շատ բացասաբար է անդրադառնում նրանց հոգեբանության վրա. նրանք շատ ինքնամփոփ են, քչախոս, կտրված են շրջապատից և դժվարությամբ են մերվում մյուս երեխաների հետ: Երբ դասերից հետո զրուցում եմ այդ ընկերուհիներիս հետ, նրանք ընկճված են լինում և, երբեմն, ցանկություն են հայտնում ազատվել իրենց ընտանիքից. ասում են ՝ երանի գնայի ուրիշ ծնողների մոտ, ուրիշ ընտանիքում ապրեի կամ երանի ես ընդհանրապես չծնվեի ու նման այլ բաներ»,- պատմեց «Օրրան»-ի սաներից մեկը:
Մեկ ուրիշն էլ իր հերթին հավելեց. «Կարծում եմ, որ որոշ մարդկանց կամ մարմինների օգնությամբ պետք է բռնությունը հնարավորինս քչանա և նույնիսկ` դատապարտվի: Եթե ծնողների բռնությունը իրենց երեխայի նկատմամբ դաստիարակչական է, ապա դա սովորական բան է, բայց եթե դա դաստիարակության հետ կապ չունի, ապա դա, անպայման, պետք է դատապարտվի, այդ ծնողը պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի այդ երեխաները կարողանան առողջ մթնոլորտում մեծանալ»:
«Օրրանի» սաները միակարծիք էին այն հարցում, որ ծնողները երեխային ծեծի ենթարկելու փոխարեն կարող են նրա նկատմամբ դաստիարակչական այլ մեթոդներ կիրառել, օրինակ՝ որոշ ժամանակով զրկել սիրելի զբաղմունքներից, համակարգչային խաղերից կամ նման այլ բաներից: Օրենքի նախագծի մասին այս հաստատության սաները ծանոթացել են իրենց ուսուցիչների միջոցով: Նման օրենքի ընդունմանը նրանք դրական են տրամադրված՝ նշելով, որ գուցե որոշ դեպքերում այն օգնի ընտանիքներում խնդիրներն ավելի խաղաղ ձևով կարգավորել և երեխաներին ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման չենթարկել: Այս կապակցությամբ սաներից մեկն ասաց. «Կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը և՛ լավ, և՛ վատ կողմեր ունի. այսօր կան ընտանիքներ, որտեղ բռնությունը չափազանց շատ է և այդ ընտանիքներին ինչ-որ չափով օգնություն պետք կլինի, որպեսզի նրանք կարողանան հարթել այդ խնդիրները, որպեսզի այդ ընտանիքի երեխան և՛ հոգեպես և՛ ֆիզիկապես առողջ լինի և չամաչի իր հասակակիցների հետ շփվել»:










