«Երկիր Ծիրանին» թողնում է, որ համահայկական ընդվզման օրը հանրությունը որոշի, իսկ մինչ այդ, ըստ Զ. Փոստանջյանի՝ մարդկանց ցանցային պայքարի են նախապատրաստում (տեսանյութ)

14:20 • 13.10.17

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր ասուլիս էր հրավիրել ամփոփ ներկայացնելու համահայկական, համազգային ընդվզման քարոզարշավի իրազեկման նախնական փուլը և ապագա գործողությունները:

Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե նախապատրաստում են ցանցային պայքար սկսել, որպեսզի խոցելի չլինեն: Ըստ նրա` շրջելով հայաստանյան գյուղերով ու քաղաքներով, երիտասարդների մեջ գտել են համախոհներ, այնուհետև երկրորդ փուլով կաշխատեն այդ  երիտասարդների հետ, ովքեր համամիտ են իրենց կողմից առաջարկված քաղաքական համակարգին: Երրորդ փուլով նախատեսում են համացանցային քարոզարշավ իրականացնել:

«Ցանցային երրորդ փուլն իր մեջ ներառելու է նաև շրջագայությունը հայ օջախներով, ցանցը հաստատելու ենք և  պայքարը տանելու ցանցային միջոցներով, քանի որ այս քաղաքական պայմաններում հեշտ է ձախողել սկսած գործը,  և խմբին կամ անձին ճնշելու փորձից ելնելով և նախորդ փորձերը վերլուծելով, պետք է լինի ցանցային պայքար, որ չլինի մեկ առաջնորդ կամ առաջնորդող խումբ: Հայաշատ քաղաքներում ևս պետք է լինեն ընդվզման գործընթացներ բողոքներ, որ չեն ճանաչում այս ապօրինի իշխանությանը, հայտ են ներկայացնում նոր քաղաքական համակարգի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այսինքն՝ բուն ընդվզման գործողությունները կարող են բավական երկար ժամանակ հետաձգվել, մինչև ցանցի ստեղծումը, Փոստանջյանը պատասխանեց. «Մի քանի հարյուր տարի չենք յուրացրել ազատական արժեքները և չեմ կարծում, որ շատ երկարաժամկետ լինի, այդուհանդերձ պարտավոր ենք գաղափարները ներկայացնել և որպես ազգ ներկայացնել պատմական քաղաքական հայտ: Իհարկե, ուշացել եք, բայց չի նշանակում, որ չենք կարողանալու ներկայացնել մեր ծրագրերն ու իրականացնել դրանք»,-ասաց նա:  

Իսկ այն, որ ավելի վաղ ասել էր, թե ընդվզումը տարեվերջին է լինելու, և  օրը հայտնի է, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, թե սխալ է օրվա մասին հայտնել:

«Ուզում ենք, որ հնարավորինս արագ տեղի ունենա, հանրությունը ինքնակազմակերպվի, բայց  հանրությունը պետք է ժամադրի օրը, տեղը, մեր խնդիրն է հանրությանը պատրաստել, գաղափարախոսությունը ներկայացնել, իսկ հանրությունն ինքն իր մեջից հայտնի և՛ ժամը, և՛ օրը»,-ասաց նա:

Հարցին, թե այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորություն կա՞, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, թե այս պահի դրությամբ քաղաքական դաշտում գործընկեր չունեն: «Եթե մեր սկզբունքը, գաղափարը և ծրագիրը կիսում են,  հնարավոր է,   որ համագործակցենք»,-ասաց նա:

Իսկ մինչ այդ Փոստանջյանն անդրադարձավ մարզային այցելություններին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ից հետո` Շիրակի մարզի Աշոցք գյուղից և ավարտվել Սյունիքի մարզում: «Նույն պատկեր էր` լքված գյուղեր, քաղաքներ, մարդիկ արտագաղթել են՝ հիմնականում  դեպի ՌԴ, իսկ կվերադառնան, թե ոչ, պարզ չէ: Ասում էին, որ նաև ուղարկվող գումարներն են  պակասել»,-ասաց նա: Փոստանջյանը հետաքրքրվել էր, թե ինչ են պատրաստ անել  քաղաքական վիճակը փոխելու համար, քաղաքացիներն ասել էին, որ հյուսները կտրել են, բայց ունեն սպասումներ և  եթե ինչ-որ խումբ կամ անձ այդ սպասումը կյանքի կկոչի,  երջանիկ կլինեն:

«Հիմա մենք կապ ենք հաստատել բոլոր քաղաքների հետ, ունենաք արձագանքներ»,-ասաց նա:

Հարցին, թե հաջողելու դեպքում կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն արգելվելու է որպես կուսակցություն, Փոստանջյանը պատասխանեց, որ իրավաբանորեն պետք է հարցը քննարկվի, քանի որ վնասը հսկայածավալ է:

«Նրանք պետք է կանգնեն դատարանի առջև, նաև ես եմ դատի տալու,բայց այլ մարդիկ էլ կգտնվեն»,-ասաց նա: