Դիվանագիտության մեջ չգրված օրենք կա, որ եթե մեկին 3-4 ամիս ագրեման չեն տալիս, ուրեմն անցանկալի անձ է. Վ. Բայբուրդը՝ Ս. Մինասյանին Վրաստանում դեսպան նշանակելու մասին
Tert.am-ի հետ զրույցում հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդն անդրադառնում է Վրաստանի կողմից Հայաստանի դեսպանի ագրեմանի ձգձգման վերաբերյալ վրացական լրատվամիջոցների մեկնաբանություններին: Նրա խոսքով`գործող դեսպանը և նախկին բոլոր դեսպաններն իրենց «աղյուսն» են դրել, իր ձևակերպմամբ, հայ-վրացական բարեկամության պարսպի մեջ, իսկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի համար շատ բաներ է արել, որոնց մասին, սակայն, չպետք է բարձրաձայնել:
-Պարո՛ն Բայբուրդ, Վրաստանում ՀՀ դեսպանի հնարավոր թեկնածու Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը ձգձգվում է, և լռությունը գնալով ավելի ծանր է դառնում: Հայկական մամուլի հիմնական վարկածն է, որ Սերգեյ Մինասյանը, ՌԴ «մարդ» լինելով, Վրաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է:
-Ես կարող եմ ասել՝ ինչ է գրվում վրացական մամուլում և ինչ են խոսում այստեղի վերլուծաբանները, որ եթե մինչ այս Հայաստանը ներկայացրել են ակնառու դիվանագետներ, քաղաքական գործիչներ և այլն, ապա սա առաջին անգամն է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցչին են ուղարկում: Ես Վրաստանում երկար տարիներ ապրել եմ՝ ՀՀ բոլոր դեսպաններն ունեցել են իրենց աղյուսը հայ-վրացական մեծ պարսպի մեջ, այդ թվում՝ Յուրի Վարդանյանը, առաջին դեսպան Լևոն Խաչատրյանը, դեսպան Խոսրոևը, ապա՝ Սիլվանյանը, Մանուկյանը, որը ակնառու դարձրեց, թե ինչ է նշանակում Վրաստանի նման կարևոր երկրում լինել դեսպան, հետո գալ, դառնալ նախարար: Այսինքն՝ Վրաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է: Եվ երևի թե Վրաստանն էլ կարծում է, որ դիվանագետները պետք է մեծ փորձ ունենան: Իմ կարծիքով՝ վրացիները մտածում են՝ «մենք ուրեմն Հայաստանի համար այդքան կարևոր երկիր չե՞նք, որ ինչ-որ երկրորդական քաղաքագետի են ուղարկում, այն էլ նկատված ինչ-որ հարցերում»:
-Ի՞նչ հարցերում:
-Ինչպես ես եմ մտածում՝ Ջավախքի հետ կապված ինչ-որ հարցերում: Ինքը աշխատություններ ունի, որոնք տպագրվել են: Առհասարակ, Հայաստանում ինչպե՞ս կվերաբերվեին, եթե իր ագրեմանը ներկայացներ հայերի համար ցավոտ խնդիրներում նկատված ինչ-որ դեսպան:
-Ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում՝ Սերգեյ Մինասյանի ագրեմանը մերժվա՞ծ է:
- Ես դիվանագետ չեմ, դիվանագիտական կրթություն չունեմ, բայց գիտեմ, որ դիվանագիտության մեջ կա չգրված օրենք՝ եթե 3-4 ամիս չեն պատասխանում, ագրեմանը ներկայացնող երկիրը պետք է հասկանա, որ մերժված է, որովհետև դիվանագիտության մեջ մերժում, որ այս մեկին չենք ուզում, գոյություն չունի: Ուղղակի լռում են, անցնում է 3-4 ամիս ու պարզ է դառնում, որ մերժված է: Եվ պետք է ասեմ, որ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀՀ դեսպաններից մեկին էլ 3-4 ամիս հետո տվեցին ագրեմանը:
-Դուք մի կողմից ասում եք՝ հայտնի դեմքեր էին նախկինում, բայց գործող դեսպան Յուրի Վարդանյանի մասին էլ այդտեղ ասում են, որ Վրաստանի նման կարևոր երկրում դեսպանը, ճիշտ է, համաշխարհային ճանաչման, բայց ծանրորդ է:
-Ես Ձեզ ասեմ մի բան՝ Յուրի Վարդանյանը համաշխարհային ճանաչում ունեցող ծանրորդ է: Վրաստանում, երբ նա երևում է փողոցում, մինչև այսօր ճանաչում են, ասում են՝ Յուրի Վարդանյա՛ն-չեմպիոն: Ճանաչում են: Եվ եթե ասում եք, որ նա քաղաքական գործիչ չէ, ուրեմն, ասեմ՝ եթե եղել է նախարար, ուրեմն քաղաքական գործիչ է:
Դիվանագիտության մեջ այնքան էլ կարևոր չէ, դու «կարիերնի դիվանագե՞տ» ես, թե ոչ, միջազգային հարաբերություննե՞րն ես ավարտել, թե ոչ, այլ թե ինչ ես անում: Եվ ես իսկապես գիտեմ, որ ինքը շատ կարևոր հարցեր է լուծել Հայաստանի համար: Միայն այն չէ, որ ծանրորդ է: Ի վերջո, մարդը կարող է հավաքարար լինել, հետո ճանապարհ անցնել, հասնել շատ մեծ պաշտոնի:
-Լեգենդար ծանրորդ լինելն ավելին՝ պատվաբեր է, բայց խոսքն այն մասին է` արդյո՞ք դա բավարար է դեսպան լինելու համար, այն էլ Վրաստանի նման կարևոր երկրում:
-Դուք խոսեք այն մասին, թե արդյո՞ք դեսպանը ինչ-որ սխալ բան է արել կամ Հայաստանի շահերը չի պաշտպանել: Չի եղել նման բան, բոլորը արել են, պաշտպանել են: Այս թվում՝ նույն եռանդով անում է Վարդանյանը:
-Ասացիք, որ ինքը շատ մեծ գործեր է արել Վրաստանում, ասեք, միգուցե այս հարցում մենք իր վաստակը դեռ չգիտենք: Դրանք գաղտնի՞ գործեր են:
-Ոչ, ոչ, լավ գործեր, բայց դիվանագիտության մեջ ամեն քայլը չի կարելի հրապարակայնացնել:
Ասեմ՝ շատ մեծ գործեր պետության համար արել է, ես մեջբերում եմ 2 հայտնի վրաց դիվանագետների կարծիք: Եկեք չբացենք փակագծերը: Հայաստանյան մամուլը գրում է՝ Սերգեյ Մինասյանին ինչո՞ւ չեն նշանակում. այ հիմա, որ Գումբորդոյում բան պատահեց, և դեսպանը գնում է, իրենց կողքին կանգնում է, դուք կարո՞ղ եք երևակայել՝ ինչ կարող է պատահել: Եվ մեղադրել, որ դեսպանն ինչի սա չի անում,այն չի անում... Նորից եմ ասում՝ գործող դեսպանի վրա ցեխ լցնելն արվում է այն խմբի կողմից, որն ունի իր թեկնածուն: Որ այդ երկրում դեսպանի վրա ցեխ լցնեն, հանեն ու իրենց մարդը գա: Այդպես չի լինում, էլի, դիվանագիտության մեջ նման բաներ չեն լինում:
-Որպես Վրաստանում ծնված ու երկար տարիներ ապրած մարդ, ի՞նչ կարող եք ասել՝ ի՞նչ խնդիրներ կան, որ կարոտ են լուծման, ու հաջորդ դեսպանը դա պետք է անի հայ-վրացական հարաբերություններում, համայնքի համար և այլն:
- Մի քիչ լինենք զուսպ, որովհետև ես Գումբորդոյի կապակցությամբ գիտեմ, ինչեր էին գրում, ոնց էին խառնում վրացիներին, թե տեսե՛ք՝ ռադիկալները և այլն: Եվ Երևանում գտնվող մարդիկ էլ պետք է հասկանան՝ ինչ ասեն և ինչպես ասեն: Մենք ունենք բարիդրացիական բարձր մակարդակով հարաբերություններ, և Վրաստանն էլ ձգտում է, որ այս հարաբերությունները լինեն շատ ամուր: Չնայած հայտնի կողմերից կան ինչ-որ նկրտումներ, ճնշումներ: Բայց կարող եմ ասել, որ հայ-վրացական հարաբերություններում պատմական գեներն են խոսում և՛ հայերի, և՛ վրացիների մեջ՝ անկախ նրանից, թե ով որտեղ է՝ ՆԱՏՕ-ո՞ւմ, թե՞ ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում: Եկեք հիշենք՝ 6-8-րդ դարերում Վրաստանը Բյուզանդիայի լծի տակ էր, Հայաստանը՝ Պարսկաստանի, և ինչպես էին մեզ էլի խառնում, այս երկրների, այսօրվա խոսքերով ասած՝ հատուկ ծառայությունները: Կիսեցին, եկեղեցիներ անջատվեցին … Ու հիմա նորից չկրկնենք, որ այս պառակտումը նորից չլինի:










