Եթե մենք թույլ տանք Կատալոնիային լինել անկախ, մյուսներն էլ կհետևեն այդ օրինակին. Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Իսպանիայից Կատալոնիայի անկախանալը կարող է եվրոպական երկրների այլ շրջանների նույնպես դրդել անկախության, գրում է Reuters-ը։
«Եթե մենք թույլ տանք Կատալոնիային, չնայած դա մեր գործը չէ, լինել անկախ, մյուսներն էլ կհետևեն այդ օրինակին, ես դա չէի ուզենա։ Ես չէի ուզենա, որ 15 տարի անց Եվրամիությունը բաղկացած լիներ 98 երկրից»,- հայտարարել է Յունկերը Լյուքսեմբուրգի համալսարանում ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ նման տեսքով ԵՄ-ին ղեկավարելը բարդ կլիներ։ Յունկերը նաև հայտարարել է, որ անհանգստացած է Կատալոնիայում իրավիճակով, սակայն հավելել է, որ «ոչ ոք ոչ մեկի վրա չի կրակում... գոնե հիմա»։
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել ինքնավար շրջանի անկախանալուն՝ ավելի քան 90 տոկոս։ Հանրաքվեն ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ խաղաղ մասնակիցների բախումներով: Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի օրինականությունը: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի ղեկավարությանը 5 օր է տվել այդ որոշումից հետ կանգնելու համար։










