Բիզնես օմբուդսմենի կարիք կա, հատկապես փոքր բիզնեսի համար.Վահրամ Միրաքյան
Գործարար Վահրամ Միրաքյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է բիզնես օմբուդսմենի անհրաժեշտությանը, որին, հիշեցնենք, դեմ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Վահրամ Միրաքյանի խոսքով ՝ սա հատկապես անհրաժեշտ է փոքր բիզնեսին. ֆերմերներ, փոքր գյուղացիական տնտեսություններ, տնտեսվարողներ:
- ՀՀ ՄԻՊ-ը, որը մշտապես դեմ է արտահայտվում բիզնես օմբուդսմենի գաղափարին, հայտնել է, որ եթե նման կառույց ստեղծվի, ապա կդիմի Սահմանադրական դատարան: Ինչ կարծիքի եք՝ արդյոք բիզնես օմբուդսմենը պե՞տք է տնտեսվարողներին:
- Անշուշտ կա: Քանի որ մեր նման՝ ոչ սոցիալիստական կամ միապետական երկրներում տնտեսությունը կախված է բիզնեսից: Հետևաբար, բիզնեսը նման պաշտպանության կարիք ունի ինչպես տարբեր այլ ոլորտներում, չգիտեմ՝ կա կանանց իրավունքների պաշտպան, երեխաների իրավունքների: Եվ բիզնեսի իրավունքներն էլ նեղ մասնագիտացում են պահանջում, ինչի համար բիզնես օմբուդսմենն օգտակար կլինի: Այլ խնդիր է, թե ով է լինելու այդ օմբուդսմենը, ինչքանով տրամադրված կլինի տնտեսվարողների շահերը պաշտպանելու, ինչքանով ձևական կառույց կլինի և այլն: Ճիշտն ասած՝ «եթե»-ներ շատ կան, բայց որպես նախնական գաղափարում իդեալական տարբերակ է:
- Եվ ինչ կարող է անել բիզնես-օմբուդսմենը, ինչը չի կարող անել:
- Գիտեք, ես կարող եմ բերել մեկ օրինակ, որ նման խնդիրների պատճառով ներդրում չէր լինում և մենք միջնորդեցինք և 2 միլիոնի ներդրում եղավ, բայց այն կարող էր չլինել զուտ ինֆորմացիայի պակասի պատճառով: Հիմա մեր մոտ ինֆորմացիայի պակաս շատ է զգացվում, մարդիկ արտադրող են, շահեր ունեն, մենք չենք խոսում մեծ բիզնեսի մասին, որն իր ինֆորմացիաներն էլ ունի, կապերն էլ: Իմ կարծիքով՝ բիզնես-օմբուդսմենի կարիք ավելի շատ փոքր բիզնեսն ունի, որն ինչ-ինչ ինֆորմացիաների տեղյակ չէ, իրենց իրավունքներից, մի ուժային կառույց ոտնահարում է իրենց իրավունքները, այդ մարիկ չգիտեն ինչ անեն, չեն կարողանում կողմնորոշվել, իրավաբան չեն կարողանում վարձել: Իսկ եթե օմբուդսմեն լինի, նրա համարը հասանելի լինի, հաստատ կօգնեն այդ մարդկանց: Սա պետք է այն մարդկանց, ովքեր մշտապես նման խնդիրներ ունեն. ֆերմերներ, որոնք խաղող են հանձնել, մթերողները գումարը չեն տալիս, փոքր խանութների տերեր: Կամ հակառակը, մթերողների համար, քանի որ գյուղացիները ժամկետներ են խոստանում, չեն ապահովում դրանք:
- ՊԵԿ նախագահը երկու օր առաջ հայտարարեց, որ Հայաստանում կա 50 շաքարավազ և բանան ներկրող: Դուք քանի՞ բանան ներկրող գիտեք:
- Այո, իհարկե, ես նման 5-6 ներկրողի անձամբ եմ ճանաչում: Ես գիտեմ, որ հիմա շատ են բերում, ենթադրենք խաղող են արտահանում, հետ գալուց բանան են բերում: Ինչ վերաբերում է շաքարավազին՝ տեղյակ չեմ, չեմ կարող ասել:
- Հնարավո՞ր է բանանն առաջիկայում թանկանա։
- Մինչև տարեվերջ կթանկանա, որովհետև հենց հիմա Էկվադորում գներն ահագին բարձրացել են՝ այնտեղ ջրհեղեղի պատճառով: Եվ եթե հաշվի առնենք, որ 40 օրում է բանանը Էկվադորից հասնում Հայաստան, ապա մոտ 40 օրից կթանկանա Հայաստանում: Բայց ինչքան էլ թանկանա, միևնույն է, ավելի էժան է լինելու, քան անցած տարի: Եթե մինչև հիմա 500-600 դրամի սահմաններում էր, անցած տարի 900-1000–ի:
-Եվրոպական պարֆյում արտադրողները նշում են, որ հիմա այդ նույն եվրոպականը ՀՀ գալիս է ոչ թե ԵՄ-ից, այլ միջնորդավորված՝ ԵԱՏՄ-ից, բայց զարմանալին այն է, որ այնտեղից ավելի էժան է, քանի որ իրենք ավելի մեծ շուկաներ ունենալով՝ ավելի մեծ մարժաներ ունեն և ավելի մեծաքանակ ապրանքներ գնելով՝ ավելի էժան են այն գնում: Նման խնդիր կա՞ բանանի առումով:
-Այո, այնտեղից բերում են և մենք էլ ենք մեկումեջ բանան բերում Ռուսաստանից:
- Այսինքն՝ այն շատ մոդայիկ կարծիքը, որ ԵԱՏՄ-ԵՄ դրույթների հակասությունը աղետալի է լինելու, փաստորեն այնքան էլ այդպես չէ, քանի որ այս զեղչային տարբերակները, մոտեցումները կոմպենսացնում են ավելացած մաքսադրույքները:
- Այս կատաստրոֆան այն մարդկանց համար է, որոնք ապրանքը բերում են 50-100 տոկոս գին ավելացնում են, վաճառում են: Հիմա ռուսական շուկան բացվել է, այնտեղից կարողանում են էժան բերել այդ ապրանքը (նկատենք, որ խոսքը ոչ միայն ԵԱՏՄ-ում արտադրվածի, այլ ԵՄ երկրներից ՌԴ կամ ԵԱՏՄ ներկրված եվրոպական ապրանքների մասին է) և այն բիզնեսմենները, ովքեր բերում, մեր վրա կրկնակի էին վաճառում, դրանք սկսելու են չաշխատել: Մրցակցությունն է ուղղակի մեծացել:
-Այսինքն՝ կոպիտ ասած՝ մրցակցությունը Ռուսաստանի հետ է մեծացել:
- Որոշ դեպքերում՝ այո, որտեղ որ ռուսական ընկերություններն են խառնվում՝ այո: Բայց առհասարակ, սահմանի բացելուց հետո հեշտացել է և նաև լոգիստիկան է փոխվել, ճանապարհը կարճացել է, որովհետև մի բան է Եվրոպայից, Էկվադորից բերել, նույնն ՝ բանանը, մեկ այլ բան՝ ՌԴ-ից:










