ԱՄՆ ոստիկանությունը ջնարակը շփոթել է թմրանյութի հետ

22:42 • 14.10.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Դենիել Ռաշինգին 37 500 դոլար փոխհատուցում են վճարել ոստիկանների պատճառով, որոնք փքաբլիթի ջնարակը շփոթել են մեթամֆետամինի հետ:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, 2015-ին ոստիկանները «մեթամֆետամին» էին հայտնաբերել Դենիելի ավտոմեքենայում: Մի շարք փորձարկումներ իրականացնելով տեղում՝ նրանք որոշել են, որ գտնված ջնարակը արգելված նյութ է: Արդյունքում տարեց տղամարդուն ձերբակալել են, տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա մի քանի շաբաթ է անցկացրել:

Հետագայում 65-ամյա քաղաքացին հայտ է ներկայացրել, և քաղաքի իշխանությունները պարտավորվել են 37 500 դոլար վճարել նրան:

Միջադեպից հետո ոստիկանության ավելի քան 730 աշխատակից հատուկ վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ «տեղում ճիշտ ստուգումներ» անցկացնելու վերաբերյալ: