Հս. Կորեայի հետ ԱՄՆ-ի դիվանագիտությունը կշարունակվի նախքան առաջին ռումբի ընկնելը. Թիլերսոն

11:52 • 16.10.17

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփից Փհենյանի հարցում դիվանագիտական ջանքերը շարունակելու ցուցում է ստացել:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Թիլերսոնն ընդգծել է, որ «Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտությունը կշարունակվի նախքան առաջին ռումբի ընկելը»:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ում հայտարարել էր, որ Թիլերսոնը զուր ժամանակ է վատնում՝ փորձելով բանակցել Հյուսիսային Կորեայի հետ:

Ի հակադրություն նախագահի հայտարարությանը պետքարտուղարը նշել է, որ  Թրամփն իրեն հստակ ասել է  շարունակել դիվանագիտական ջանքերի գործադրումը: Պետքարտուղարը մանրամասնել է, որ այժմ ինքն ակտիվ բանակցում է  Չինաստանի հետ, որպեսզի Պեկինը գործադրի Փհենյանի նկատմամբ ունեցած ազդեցության լծակներն ու ճգնաժամային իրավիճակը հնարավոր լինի հարթել:

Թիլերսոնն ընդգծել է, որ Չինաստանը շատ լավ հասկանում է Վաշինգտոնի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միայն մի բան կաշխատի» Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում՝ Փհենյանի հետ ԱՄՆ նախորդ վարչակազմերի ապարդյուն բանակցություններից հետո: Թրամփը չի հստակեցրել, թե ինչ նկատի ուներ, բայց նրա խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, որ նրա մտքին ռազմական գործողությունն է:

Թրամփը նախկինում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում իրեն և իր դաշնակիցներին Փհենյանի միջուկային սպառնալիքներից պաշտպանելու համար «ամբողջովին կոչնչացնի» Հյուսիսային Կորեան: