Իրաքյան բանակը հայտարարել է Քիրկուկի մի շարք կարևոր օբյեկտներ վերահսկողության տակ առնելու մասին

12:16 • 16.10.17

Իրաքյան ուժերը հայտարարել են Քիրկուկ նահանգում մի շարք կարևոր օբյեկտներ վերահսկողության տակ առնելու մասին, հաղորդում է gazeta.ru-ն: 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ իրաքյան բանակն իր վերահսկողության տակ է առել Հյուսիսային գազային ընկերության՝ NGC-ի գազային օբյեկտը, ինչպես նաև Քիրկուկի էլեկտրակայանը, ոստիկանական կենտրոն, գազային օբյեկտի կողքին գտնվող զտիչ կայան: Իրաքյան ուժերը շարունակում են առաջխաղացումը:

Քիչ առաջ հայտնի է դարձել նաև, որ իրաքյան «փեշմերգա» ուժերի ներկայացուցիչները Քիրկուկի հարցով հատուկ հանդիպում են անցկացնում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների հետ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում:

Ինչպես փոխանցում է քրդական Rudaw գործակալությունը, կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ գնդապետ Ռայան Դիլոնը հայտնել է, որ իրենք ուշի-ուշով հետևում են Քիրկուկում զարգացող իրադարձություններին:

Նշենք, որ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում:

Նախօրեին Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը Քիրկուկում ոչ պետական ուժերի և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների հետ համագործակցելու համար: 

Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: