ՄԻԵԴ որոշումից հետո ՀՀ-ն դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկել Շիրխանյանի բուժման համար, մենք մասնագետներ ենք փնտրում դրսում. Հայկ Ալումյան
Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը միշտ էլ առողջական խնդիրներ ունեցել է: Քրեակատարողական հիմնարկները՝ «Երևան Կենտրոն» ու «Դատապարտյալների հիվանդանոցը», չնայած այդ խնդիրներին, միշտ դատարան գրություն են ուղարկել, որ Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին: Այս անգամ քրեակատարողական հիմնարկը գրություն է ուղարկել, որ նա ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Ալումյանը:
«Միշտ գրություն են ուղարկել, որ Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին, իսկ այսօր առաջին անգամ է նման նամակ եկել, որ Շիրխանյանն ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին: Պատկերացրեք, թե որքան է վատացել նրա առողջական վիճակը»,-ասաց Շիրխանյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին նրա առողջական վիճակը ճիշտ գնահատել և անհրաժեշտ բուժումն ապահովել, Ալումյանն ասաց, որ ՀՀ-ն խնդիրներ է ունենալու Շիրխանյանի առողջական հարցերի հետ կապված:
«ՄԻԵԴ որոշումից հետո ՀՀ-ն դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկել, իսկ մենք երկրից դուրս մասնագետներ ենք փնտրում Շիրխանյանի բուժման համար, որոնք վստահելի կլինեն: Այժմ բանակցություններ ենք վարում: Այստեղ բժիշկներն աշխատում են բժշկական կենտրոններում, որոնք գիտեք, թե ում են պատկանում և ինչ լծակներ կան բժիշկների նկատմամբ»,-ասաց նա։
Ալումյանն ասաց, որ երբ ստանան օտարերկրացի մասնագետների համաձայնությունը, կստանան նաև վճարելիք գումարի նախահաշիվն ու այն կներկայացնեն կառավարությանը, որպեսզի վճարեն:
«Արդեն ժամանակն է, որ կառավարությունը կատարի իր պարտականությունները»,-ասաց Ալումյանը:










