ՀՀ և ԱՀ միացյալ զորախումբը նախատեսված է Արցախի կամ Հայաստանի սահմանը հատած հակառակորդին զսպելու համար. Մովսես Հակոբյան

20:53 • 02.12.17

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ՀՀ և ԱՀ միացյալ զորախմբի Արցախում տեղի ունեցած զորավարժությունները բավարար և գոհացուցիչ է գնահատում:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ միացյալ զորախումբը նախատեսված է հակառակորդի գործողությունները կանխելու և պատժիչ գործողություններ իրականացնելու համար:

«Հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախել , այն հակառակորդը, որը կփորձի հատել Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության սահմանը, ապա այս խմբավորումը մխրճված հակառակորդի վրա կհարձակվի, կմասնատի։ Կոնկրետ այս զորավարժության ժամանակ մտահաղացումն այդպիսին է եղել ՝ ամբողջությամբ ջախջախել»,- ընդգծեց Մ. Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության շրջանակներում Արցախում անցկացվել են համահավաք զորավարժություններ: Զորավարժությունները «Օպերացիայի նախապատրաստումն ու վարումը» թեմայով էր, որի ընթացքում հատկապես մշակվել են հարձակվողական գործողություններ:

«Տեսանք, որ տեխնիկան մարտունակ վիճակում է, անձնակազմը պատրաստ է կրակ բացելու համար, հրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել ու իրենց որոշումները իրականություն դարձնել»,- նշեց Մովսես Հակոբյանը:

Գնահատականներից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զերծ մնաց, այն կտրվի միայն արդյունքներն ամփոփելուց հետո։

«Արդյունքները կամփոփենք, երբ որ ողջ տեխնիկան կվերադառնա զորամասի մշտական տեղակայման վայր, մենք կհաշվենք կրակային խոցման արդյունքները, ղեկավար կազմի կայացրած որոշումները, այնուհետև կտանք գնահատական, բայց ընդհանուր, ինչ դինամիկայով տեսել ենք, մտահաղացումը շատ լավ էր»,-ասաց Մովսես Հակոբյանը։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ Զինված ուժերի ռազմավարական դոկտրինան պաշտպանողական է, բայց պաշտպանողական օպերացիան իր մեջ ներառում է պաշտպանողական, հարձակվողական ու հակահարձակվողական օպերացիա։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասաց, որ Արցախին ու Հայաստանին լավ պատրաստված զինվորներ պետք են, բայց գերագույն խնդիրը ներդաշնակեցված ստորաբաժանում ունենալն է։

«Բոլորս հաղթելու ենք միասին, առանձին-առանձին որևէ մեկը չի կարող հաղթել ու այս զորավարժության հիմնական նպատակը հենց անձնակազմի ներդաշնակությունը ապահովելն է»,-ասաց նա։

Հարցին, թե պարբերաբար Ադրբեջանում և Նախիջևանում էլ են անցկացվում զորավարժություններ, դա ինչ վտանգ կարող է ներկայացնել, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե ունես բանակ, ապա դա պետք է մարզել և շատ կարևոր է, որ մեր հակառակորդը լինի արժանի հակառակորդ, որպեսզի մենք հաղթենք արժանի հակառակորդի: Զորավարժությունը մեր մոտ արտապլանային էր, մենք այս զորավարժությունը անց ենք կացնում նրա համար, որ ոչ թե Ադրբեջանն է զորավարժություն անցկացնում, այլ՝ պլանավորել ու անց ենք կացրել նրա համար, որ ստուգենք՝ վերաձևավորած, վերակազմավորած զորամասերը մարտունա՞կ են, թե՞ոչ»,- նշեց Մ. Հակոբյանը։