Տաքսու գնի վրա գազի թանկացումը դժվար թե ազդի, հանրային տրանսպորտի գնի հարցով խոշոր փոխադրողների հետ քննարկումներ են տարվում. փոխնախարար (ԱԺ նիստը՝ ուղիղ)
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանում հետաքրքրվեց Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանից, թե ինչպես է ազդելու սեղմված գազի թանկացումը տրանսպորտի գնի վրա։
«Ի՞նչ հստակ կանխատեսում ունի նախարարությունը։ Ի՞նչ տեղաշարժի կհանգեցնի սեղմված գազի թանկացումը», - հարցեց Մելքումյանը:
Փոխնախարար Գրիգորյանի խոսքով՝ թանկացումները նոր են ու նախարարությունը դեռևս չունի հստակ պատասխան, ընթանում են քննարկումներ։
«Ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Գների վրա դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչև հիմա գործող գները ինչքանով են վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը։ Եթե դրանք զրոյի մակարդակում են գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում, եթե ոչ, ապա նման միտում չի լինի», - նշեց փոխնախարարը։
Ըստ նրա` տաքսիների գնի վրա «դժվար թե թանկացումներն ունենան ազդեցություն». «Տաքսին մեզանում հանրային տրանսպորտի փոքր մասն է և մատուցում է հանրային տրանսպորտի սպասարկման ծառայություն, բայց չեմ կարծում, որ գների թանկացում տեղի ունենա»։
Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի գների թանկացմանը, ապա փոխնախարարը նշեց, որ այս մասով այսօր մի քանի խոշոր փոխադրողների հետ նախարարությունը քննարկում է կազմակերպել։










