Անգամ մեկ հայի սպանությունն արդեն չափից շատ կլինի, այլևս բավ է. Հայկո Բաղդադը՝ Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձերի ահազանգի մասին

22:23 • 15.01.18

 

Պոլսահայ լրագրող, Բեռլինում մշտական բնակություն հաստատած Հայկո Բաղդադի խոսքով՝Եվրոպայում ծննդով Թուրքիայից ընդդիմադիր գործիչների և հատկապես հայերի ու քրդերի դեմ մահափորձերի շարքի նախապատրաստման մասին տեղեկատվությանը պետք է առավել քան լուրջ վերջաբերել և զգոնություն ցուցաբերել: Նրա խոսքով՝  պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի հայտնած տեղեկություններն իսկապես ճշգրիտ են: Նրա հետ Tert.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ ստորև:

- Թուրքիայում հայերի ու մանավանդ ակտիվ գործող մտավորականների համար իրավիճակը երբեք էլ բարենպաստ ու հանգիստ չի եղել։  Ո՞րն էր Ձեզ այդ երկրից դուրս գալ և մեկ տարի առաջ Բեռլին մեկնել ստիպած հիմնական պատճառը:

-Արդեն մեկ տարի է, ինչ մշտական բնակություն եմ հաստատել այստեղ: Թուրքիայում ստեղծված ավտորիտար ռեժիմի՝ իշխանության ամբողջական յուրացմանը դեմ գնացող և այդ իսկ պատճառով պարբերաբար թիրախավորվող հազարավոր մտավորականներից ու լրագրողներից մեկն եմ: 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձն, իհարկե, իր ազդեցությունը նույնպես ունեցավ այս ամենի վրա:

Հեղաշրջման փորձից հետո իմ ձերբակալության վերաբերյալ որոշում կայացվեց, արտասահմանյան անձնագիրս առգրավվեց: Ավելի ուշ անձնագիրս վերադարձվեց, շատ քիչ մարդիկ կարողացան ետ ստանալ իրենց անձնագրերը: Ինձ հետ վերադարձնելն էլ, փաստորեն, նշանակում էր՝ «Գնա այստեղից»:

- Օրեր առաջ դուք համացանցի միջոցով արդեն մեկնաբանել եք Կարո Փայլանի հայտնած տեղեկություններն ու հորդորել լուրջ վերաբերել մահափորձերի նախապատրաստման մասին ահազանգին:

- Առկա վտանգի մասին շատ ավելի վաղ ենք տեղյակ եղել:  Կարող եմ ասել, որ գերմանական հատուկ կառույցները լավ տեղեկացված են Կարոյի հայտնած լուրերի զգալի մասից: Լա՞վ է, թե՞ վատ՝ չեմ կարող ասել, բայց մեկ բան հստակ է. Կարո Փայլանի հայտնած տեղեկություններն իսկապես ճշգրիտ են, ամեն բան իսկապես այնպես է, ինչպես Կարոն է պատմել:

- Գերմանիայի իշխանությունները Ձեր անվտանգության ապահովման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկե՞լ են, և արդյոք Դուք գո՞հ եք տրամադրված օգնությունից:

- Չգիտեմ, թե Թուրքիայի մյուս քաղաքացիների վիճակն ինչպես է այս պարագայում, բայց վերջերս իմացանք քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքիի դեմ մահափորձի մասին: Շոկ տարած երիտասարդ մարզիկին հարցաքննության ժամանակ գերմանացի իրավապահները հարցեր են տվել, ինչպես օրինակ ՝«Դուք «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդա՞մ եք» և այլն: Սա, օրինակ, ես սխալ եմ համարում: 
Ինձ հետ կապված միջոցառումների մասին բոլոր մանրամասները, իհարկե, հայտնել չեմ կարող, քանի որ տեղի ոստիկանության հետ պայմանագիր ունեմ: Կարող եմ նշել հայտնի փաստը, որ ինձ տրամադրված հատուկ զրահապատ բաճկոնով եմ ստիպված եղել ելույթ ունենալ, մնացածն արդեն դուք ենթադրեք մեր վիճակի մասին: Սակայն ցանկանում եմ հատուկ նշել, որ մեր անձի հանդեպ ցուցադրված անհրաժեշտ հոգածության և մեզ հետ համագործակցելու համար այստեղից էլ շնորհակալություն եմ հայտնում համապատասխան կառույցներին:

- Դիմելու՞ եք ՀՀ դեսպանատանը Ձեզ օգնելու հարցով, ինչպե՞ս եք պատկերացնում այդ օգնությունը:

- Հայաստանը մեր հողն է, մեր բարեկամներն են, մեր ընկերները, սակայն այս պարագայում ի՞նչ կարող են անել Գերմանիայում ծավալվող մահափորձերի հետ կապված: Մենք կարող ենք գալ, խոսել, կիսվել, դուք էլ մեզ համար ցավաք կամ ուրախանաք, որովհետև անգամ մեկ հայի սպանությունն այլևս չափից շատ է, արդեն բավ է….

- Կարո Փայլանը բերեց նաև Հրանտ Դինքի օրինակը՝  նշելով, որ սպանության նախապատրաստման նույն մեխանիզմն է գործում: Սակայն Դինքի սպանության հետ կապված բոլոր դատավարությունների շրջանակներում Թուրքիայի Հետախուզական կոմիտեի նախկին պաշտոնյաները պնդում են, թե եղած վտանգի մասին իրենց ժամանակին չեն զգուշացրել, տեղեկատվությունն ուշ է հասել և այլն: Այդ դեպքում, երբ բոլոր տեղեկությունները հրապարակվել են, դա ինչ-որ կերպ կազդի՞ գործընթացի վրա, և արդյո՞ք այժմ այս մահափորձերը կազմակերպող խմբավորումներն իսկապես անմիջական կապ ունեն Թուրքիայի իշխանությունների հետ:

- Մենք խոսում ենք Էրդողանի կողմից  տարիներ շարունակ ծայրահեղական քարոզչության տակ առնված, հենց նրա ու նրա համակարգի կողմից ազգայնականացված երիտասարդների մասին: Այստեղ ապրող հազարավոր թուրք երիտասարդներ կարող են լինել այդ քարոզչության զոհը, ցանկացած մեկից կարող է դուրս գալ այդ մահափորձ կատարողը: Ամենից առաջ նպատակը այս լարված մթնոլորտի ստեղծումն է:

Այսինքն՝ եթե անգամ այս հրամանը Էրդողանը տված չլինի՝ այս ժամանակաշրջանում նրանց վարած քաղաքականությունը նպաստում է դրան: Նրանք վաղուց են ստեղծել այս զգայական մթնոլորտը, հազարավոր երիտասարդներ «հայրենիքի փրկության» համար կդիմեն նրանց առաջարկած մեթոդներին և շատերը կհավատան, որ հայ սպանելով հերոսանալու են: 100 տարի է, որ վերապրում ենք սա:  Կարծում եմ՝ ավելորդ է անգամ խոսել այս խմբավորումների ու Թուրքիայի իշխանությունների կապի մասին, երբ իշխող կուսակցության անդամը զանգահարում է Գերմանիայում գործող թուրք ազգայնական խմբավորմանը, ֆինանսավորում նրանց, «առաջնորդից» բարև փոխանցում նրանց…

- Որևէ բան կցանկանա՞ք ասել Ձեզ հետևող ու Ձեզ համար անհանգստացող աշխարհասփյուռ հայերին: 

- Ուզում եմ ասել, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, մեզ ճնշելով՝ մեզ չեն կանգնեցնելու. ճիշտ հակառակը` ավելի շատ ենք անելու: Մենք չենք մոռացել Հրանտ Դինքի սպանությունը:  Մենք դրանով տեսանք ամենասարսափելին, որ կարող էր պատահել մեզ հետ: Մի բան ասեմ. Հրանտ Դինքի թաղման արարողության ժամանակ կազմակերպչական հարցերով զբաղվող երկու հոգի կար, նրանք ստիպված եղան նստել դիակառքի առջև: Այդ երկու երիտասարդները ստիպված եղան դեմ առ դեմ մնալ ու նայել այնտեղ հավաքված 200 000 հոգու աչքերին: Հետո իջան մեքենայից ու շարունակեցին իրենց կյանքը: Այդ երիտասարդներից մեկի անունը Կարո էր, մյուսինը Հայկո: Մեկը Կարո Փայլանն էր, մեկը՝ ես: Էնպես որ՝ այն ամենն, ինչ կարող էինք տեսնել, մենք արդեն տեսել ենք, մի՛ անհանգստացեք, մենք շարունակելու ենք ապրել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:

Նա նշել էր, որ իրենք ունեն հետախուզական տեղեկատվություն, որ այժմ գործունեություն է ծավալում մահափորձերն իրականացնել պատրաստվող 3 անձ. նրանք պատրաստվում են հարձակվել Թուրքիայի կողմից թիրախավորված անձանց վրա, որոնց սպանությունը կարող է մեծ սենսացիա առաջացնել:

Փայլանի հայտարարություններից հետո Գերմանիայում մահափորձ էր իրականացվել քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքիի դեմ, նաև հարձակման էր ենթարկվել Բրյուսելում հայկական «Սահակյան» միությունը:

Հռիփսիմե Հովհաննիսյան    
Սոֆյա Հակոբյան