Նախագծի հիմքում չկար վիճակագրություն, որը ռեալ պատկերացում կտար, թե աջ ղեկով մեքենաներն ինչ վտանգ են ներկայացնում. Ա. Մելիքջանյան

16:30 • 15.01.18

 

Ի սկզբանե մեր շեշտադրումն այն է եղել, որ մինչև աջ ղեկով մեքենաների վերահաշվառման արգելքը դուրս չգա, մենք բանակցությունների չենք կարող գնալ, որովհետև մի կետ, որը հակասահմանադրական է, չպետք է լիներ, դրա շուրջ բանակցելը մեր կողմից լուրջ չէր լինի: Այս մասին «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Հունվարի 8-ին նախատեսված էր հանդիպում կառավարության ներկայացուցչի հետ, վարորդների պահանջով՝ նաև վարչապետի հետ, սակայն կառավարության շենքի դիմաց մեզ դիմավորեց Կապի և տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը: Նա ներկայացրեց մշակված փաթեթը, փաթեթում ներառված եզրույթը, այսինքն՝ հաշվառման արգելքն իրենք հանել են: Նախարարության և կառավարության ներկայացուցիչը, որ մեզ դիմավորեց, ասաց՝ մենք պատրաստ ենք բանակցելու, եթե ունեք առաջարկություններ, ապա դրանք կքննարկենք»,-ներկայացրել է Արա Մելիքջանյանը:

Բողոքող վարորդներն ու նախարարության ներկայացուցիչը պայմանավորվել են, որ հունվարի 12-ին, ժամը 14-ին վարորդների առաջարկությունները պետք է ներկայացվեն կառավարությանը, լրատվամիջոցներին, նախարարությանը, առաջարկներ՝ կապված ներմուծման հնարավոր տարբերակների հետ: «Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, ավտոներկրողներից վերցրել ենք վիճակագրական տվյալներ, թե նվազագույն և առավելագույն ինչ ժամանակահատվածում է հնարավոր մեքենաներ ներկրել: Խոսքն այն մեքենաների մասին է, որ արդեն գնված են՝ 2017 թ. դեռևս հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին գնված մեքենաների մասին է խոսքը»:

«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ նախագահի տեղեկացմամբ՝ առաջարկն իրենք ընդունել:  Հետո գնացել են, առաջարկություններ մշակել:

«Հունվարի 11-ի առավոտյան՝ նիստից 5 րոպե առաջ, նախարարի միջնորդությամբ նախագիծը մտցվում է օրակարգ, բայց օրակարգում չի եղել, կարգն այդպես է, կարող են նաև փոփոխել օրակարգը, իհարկե, դրանից հետո նաև ընդունվեց նախագիծը: Ինչո՞ւ ենք ասում` կոպիտ ասած «վարորդներին գցեց» նախարարությունը, որովհետև նախնական պայմանավորվածությունը խախտել էր. իրենք էին առաջարկել, որ քննարկենք, իրենց առաջարկությունն իրենք խախտեցին: Քանի որ մենք հունվարի 12-ին կառավարության դիմաց էլ առաջարկությունները փոխանցեցինք, ունեինք հստակ պայմանավորվածություն և իրենց կողմից առաջարկ, մեզ համար կարևոր էր քննարկել հետագա քայլերը: Լավ կլիներ, որ մինչ ընդունելը քննարկեինք, այսինքն՝ նախագիծը, որը սաղմնային փուլում է, ավելի հեշտ է ձևափոխել, ավելի ճկուն էր այն ժամանակ, երբ դեռ ընդունված չէր օրենքը»,-նշել է Արա Մելիքջանյանը:

Նրա բնորոշմամբ՝ հենց սկզբում, երբ նախագիծը դրվեց շրջանառության մեջ, նախագծի հիմքում չկար վիճակագրություն, որը ռեալ պատկերացում կտար, թե աջ ղեկով մեքենաներն ինչ վտանգ են ներկայացնում: «Այդ վիճակագրությունը չկար, երբ մենք հարցեր ուղղեցինք և՛ նախարարին, և՛ նախարարությանը, և՛ լրատվամիջոցները հարցեր ուղղեցին, թե արդյոք անհրաժեշտություն չկա՞ վիճակագրական տվյալներ ունենալու, որ հիմնավորումն ավելի խելամիտ լինի: Նախարարն էլ պատասխանեց, որ պարտադիր չէ, որ լինի: Բայց, երբ հիմնավորում ենք հնչեցնում, որ նախագծի ստեղծման հիմնական պատճառը երթևեկության անվտանգությանն է վերաբերում, մարդկանց անվտանգության մասին հոգ տանելով ենք այս նախագիծն առաջ քաշում, և չունենալ ռեալ վիճակագրական թվեր, որոնք կապացուցեն, որ այո, դրա խնդիրը կա, և դա իրոք արդիական է, սա առնվազն ծիծաղելի է»: