Կառավարությունն առաջարկում է ստեղծել միասնական երթուղային ցանց` գյուղից մարզկենտրոն, ապա Երևան. հավատացնում է` անհարկի բարձր գներ չեն լինի (ԱԺ նիստը՝ ուղիղ)

16:09 • 15.01.18

ԱԺ-ում քննարկվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

«Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով»,-ասաց նա և նշեց, թե արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որոնք կսպասարկեն մարզի բոլոր երթուղիները:

Ըստ նախագծի՝ հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և օրենսդրորեն կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը մինչ հարց կուղղեր, ողջունեց միասնական նոր երթուղային ցանց մշակելու ծրագիրը: «Հասկանալի է, որ մարզերում ակտուալ հարցերից մեկն է: Կցանկանայի իմանալ` արդյոք կարիքների գնահատման ուսումնասիրություն իրականացվե՞լ է, քանի որ համայնքներ կային, որոնք դուրս էին մնում երթուղային ցանցերից, քանի որ մրցույթներին չէին մասնակցում ոչ եկամտաբեր լինելու պատճառով։ Նաև` ի՞նչ սկզբունք է դրվել, որ հնարավորինս շատ համայնքներ ներառվեն»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ 2017թ-ի ուսումնասիրությունների արդյունքում 230 համայնք չէր սպասարկվում, ձեռնարկված միջոցառումներով` 2017թ-ի վերջին 170-ի է հասել այդ համայնքների թիվւ:

«Նոր երթուղային ցանցի կազմի համար հիմանական գաղափարն այն է, որ բոլոր ցանցերը պետք է ինտեգրված լինեն միմյանց և մեծ ուշադրության դարձնելու համար բերվում են մեկ լիազոր մարմնի ենթակայության տակ: Անհրաժեշտության դեպքում կլինեն չվացուցակներ, բոլոր համայնքները հնարավորություն կունենան տրանսպորտային սպասարկում ունենալ դեպի մարզկենտրոն, ու նաև Երևան քաղաք»,-ասաց նա:

Շուշան Սարդարյանը հարցրեց, թե որևէ ձևով ազդեցություն կունենա՞ սա ուղեվարձերի վրա: Փոխնախարարը պատասխանեց, որ այս փուլում իրենք պիլոտային ծրագիր են իրականացում Արմավիրի մարզում: «Առաջին հերթին` գաղափարն այն է, որ որոշ չափով եկամտաբեր երթուղայինները, փոխկապակցվելով, լինեն ոչ եկամտաբեր երթուղիների հետ, այսինքն՝ սպասարկեն ոչ թե մեկ կամ երկու երթուղի, այլ ողջ ցանցը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գնագոյացմանը, ապա փոխնախարարը նշեց, թե ազատականացված է գինը: «Բայց, իրականում, կա մեթոդոլոգիա, որ հաշվարկում է գների գոյացումը։ Մենք կարծում ենք, որ կկարողանանք զսպել և չթողնել, որ անհարկի բարձր գներ լինեն, դա հիմնավորված կլինի»,-ասաց նա: