Արմավիր գյուղում հարևանը վիճաբանության ժամանակ կրակել է հարևանի մեջքին

12:22 • 15.01.18

Tert.am-ի տեղեկություններով Արմավիրի մարզի Արմավիր գյուղում կենցաղային հարցերի շուրջ հարևանների բանավեճը ավարտվել է կրակոցով: Վիճաբանության ժամանակ հարևաններից մեկը կրակել է մյուսի ուղղությամբ:

Արմավիրի համայնքապետարանի աշխատակիցն ասաց, որ միջադեպի մանրամասներից տեղյակ չէ, իսկ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդում ստացել են «Արմավիր» բժշկական կենտրոնից:

««Արմավիր» ԲԿ-ից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ մեջքի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ նշված վնասվածքը քաղաքացին ստացել է վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակելու հետևանքով»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանները ճշտել են կրակողի ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն: