Մեզ համար հետաքրքիր է Թուրքիայի նախագահական ընտրություններում Ալի Բաբաջանի թեկնածության հնարավոր առաջադրումը. Ա. Իսպիրյան
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայում չնայած դեռևս նախագահական և խորհրդարանական ընտրություններին շատ ժամանակ կա, բայց ֆավորիտն արդեն ակնհայտ է՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ 2019թ․ Թուրքիայում սպասվող ընտրություններին և դրանց՝ ՀՀ-ի հետևելու կարևորությանը:
Անդրանիկ Իսպիրյանը նկատեց, որ Թուրքիայի երկրորդ ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունն իր առաջնորդով՝ Քեմալ Քըլըչդարօղլուով չի կարող առաջ անցնել, այն կապահովի իր երկրորդ ավանդական տեղը:
«Բավականին վատ վիճակում են գտնվում քրդամետ Ժողովրդադեմոկրատական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Վերջինիս ձայների մեծ մասը վերցրել է նոր ստեղծված Մերալ Աքշեների «Լավ» ազգայնական կուսակցությունը»,- նշեց նա:
Չնայած որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը որոշել է ընտրություններին աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և Էրդողանն էլ իր ազգայնական քաղաքականությունով ձգտում է շահել ազգայնականների ձայները, այնուամենայնիվ միայն այդ ձայներով նա հաջողության չի հասնի:
«Ազգայնականների ձայները կարող են Էրդողանի համար ամենաշատը քսան տոկոսն ապահովել: Էրդողանը միայն ազգայնականների վրա չի դնում իր «խաղադրույքը»: Իհարկե, Էրդողանի կուսակցության վերջին տարիներին վարած քաղաքականությունը չի տարբերվում «Ազգայնական շարժում» կուսակցության վարած քաղաքականությունից և ծրագրերից, բայց այնուամենայնիվ, նա չի բավարարվի միայն այդ ձայներով»,- նշեց նա:
Թուրքիայում մեծամասնությունը պատրաստ է ընտրել Էրդողանին, չնայած երկրում եղած ճնշումներին: «Որևէ ուժ չի կարող միայնակ հաղթել Էրդողանին: Եթե բոլորը միավորվեն, գուցե կարողանան Էրդողանին հաղթել, սակայն դա անհավանական է»,- ասաց նա:
Թուրքիայում սպասվող ընտրություններում ամենամեծ ինտրիգը նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հնարավոր առաջադրման հետ է կապված: Թուրքագետի նկատառմամբ՝ սակայն Էրդողանն արդեն պարզ ակնարկել է Գյուլին, որ «գնացքից ընկածները» ոչինչ չեն կարող անել:
«Գյուլը կարծես թե ընդունել է մարտահրավերը, սակայն, ըստ խոսակցությունների, նա պատրաստվում է վերցնել իր վրա հարվածները, սակայն նախագահի թեկնածու առաջադրել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանին:
Սա մեզ համար հետաքրքիր է, քանի որ նա այն նախարարն է եղել, որի օրոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը գծագրվեց: Նա բավականին դրական անձ էր, մի քանի անգամ այցելել է Երևան»,- նշեց նա:
Թուրքիայում սպասվող ընտրական գործընթացը չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Եթե Գյուլի թևը որոշակի ակտիվանա և ինչ-որ հաջողություններ գրանցի, մեզ համար դրական կարող է լինել, սակայն այս պահին դեռ վաղ է նման բան ասելը: Նաև պետք է նշել, որ միայն նախագահի, օրինակ՝ Ալի Բաբաջանի ընտրվել քիչ բան կարող է փոխել հայ-թուրքական հարաբերություններում»,- նշեց նա:
Թուրքիայի խորհրդարան անցնելու հնարավորություն 2019-ին կունենան հայազգի պատգամավորները: Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հնարավորություն ունի ստանալու ոչ միայն հայերի ձայները, նա առավել ակտիվ գործիչներից է, նույնպես և Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը հավանականություն ունի անցնելու խորհրդարան:
«Մարգար Եսայանը, չնայած նախկինում բավականին շատ բան է արել համայնքի համար, Էրդողանին մերձանալու պատճառով բավականին հեռացավ համայնքից, խզեց իր կապերը համայնքի հետ»,- նշեց նա:
Թուրքիայում սպասվող քաղաքական գործընթացներին հետևելը մեզ համար կարևոր է, քանի որ, Անդրանիկ Իսպիրյանի դիտարկմամբ, մենք այնտեղ ունենք համայնք, մենք այնտեղից ապրանքներ ենք ներկրում Հայաստան, ունենք տնտեսական կապեր։
«Մեր տարածաշրջանի անվտանգության համատեքստում Հայաստանի համար կարևորություն է նաև Թուրքիան: Կարևոր է հետագայում հասկանալ, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու Թուրքիան տարածաշրջանում՝ Հայաստանի համար վտանգավո՞ր, չեզոք․․․ լավ քաղաքականություն չենք կարող սպասել, գոնե փոքրիշատե կանխատեսելի լինի»,- նշեց նա:










