Ինքնասպանության 2 փորձ Երևանում. 26-ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից, 44-ամյա տղամարդը՝ Կիևյան կամրջից
Հունվարի 14-ին և 15-ին Երևանի Դավթաշեն և Կիևյան կամուրջներից ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների կողմից կանխվել է երկու քաղաքացու ինքնասպանության փորձը:
Քաղաքացիներն ինքնասպանության փորձ են արել անձնական խնդիրների պատճառով:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ հունվարի 14-ի երեկոյան 1992 թվականին ծնված մեկ քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով, որը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ինչ վերաբերում է հունվարի 15-ին տեղի ունեցած ինքնասպանության փորձին, Էդգար Ջանոյանն ասաց. «Հունվարի 15-ին գիշերը հաղորդում է ստացվել, որ 1974 թվականին ծնված մի տղամարդ ցանկանում է ցած նետվել Դավթաշենի կամրջից, և ոստիկանների կողմից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է»:
Ջանոյանը հայտնեց, որ այս դեպքով ևս նախապատրաստվում են նյութեր:










