Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար $30 000 է հավաքվել
Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանը, որը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել, արտերկրում վիրահատության կարիք ունի:
Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը: Նա կոչ արեց հայերին աջակցել իր մարտական ընկերոջը՝ բոլոր խոսակցությունները և տարաձայնությունները մի կողմ դնելով:
«Սա շատ կարևոր հարց է, մենք իր անունից փոխանցում ենք շնորհակալություն այն մարդկանց, որոնք նպաստեցին, որ իր համար հավաքվեց այդքան գումար: Իրոք հայ ազգը ցույց տվեց, որ կարող է միավորվել և օգնել իր զինվորին, այս ամենը դեռ վաղուց էր սկսված՝ Ալբերտի մայրիկը հաշվեհամար ուներ, հույսը մարել էր, մինչև արձագանքեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով արեց իր խոստացած հայտարարությունը»,- ասաց նա:
Ալբերտի մարտական ընկերը տեղեկացրեց, որ վիրահատության համար անհրաժեշտ է 45 հազար դոլար, իսկ վերջին տվյալներով արդեն իսկ 30 հազար դոլարը հավաքվել է, ինչպես նաև Ալբերտ Դալաքյանի մոր կողմից բացված հաշվեհամարին այս ընթացքում հավաքվել է 500 հազար դրամ:
«Եղել են նաև առձեռն գումարներ, իր մայրը բոլոր հաշվետվությունները ներկայացնելու է հանրությանը: Չգիտեմ՝ ով, ում հետ ինչ հարց ունի, բայց թող դա չանեն Ալբերտի միջոցով, թող իրենց հարցերն այլ տեղ պարզեն, քանի որ այս դրամահավաքության նպատակն Ալբերտի արտերկրյա բուժումն է: Դրսի դեմ է պետք պայքարել, սա կհասկանան ապրիլյան պատերազմի և ընդհանրապես սահմանագծում ծառայողները»,-ընդգծեց Մանուել Մանուկյանը։
Ապրիլյան պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամ Հայկ Թորոսյանն էլ, համաձայնելով ընկերոջ հետ, ինքն էլ կոչ արեց աջակցել Ալբերտ Դալլաքյանին:
«Եկեք սատար կանգնենք Ալբերտին, ու ամեն մեկն իր հնարավորության չափով օգնություն ցուցաբերի մեր մարտական ընկերոջը: Ես էլ ապրիլյան պատերազմի վիրավորումից հետո առաջին կարգի հաշմանդամ եմ, քանի որ գլխի ծանր վիրավորում եմ ստացել ու հիմա սպասում եմ իմ հաջորդ վիրահատությանը՝ գլխի հետ կապված: Սակայն այս պահին առաջնային է մեր ընկերոջ առողջությունը, քանի որ մենք պատրաստ ենք սպասելու, որ Ալբերտն առաջնային բուժվի»,-շեշտեց Հայկ Թորոսյանը:
Դանիել Դավթյան էլ ապրիլյան պատերազմի մասնակից է, և սպասում է իր վիրահատությանը՝ աջ կողմի բազմաբեկորային վնասվածքները բուժելու համար:
«Ալբերտը գլխից է վիրավորված, նրան այստեղ վիրահատելը շատ ռիսկային է: Ռիսկը շատ մեծ է, դրա համար ուզում ենք կոչ անել մեր ազգին, որ օգնեն մեր Ալբերտին: Հույս ունենք, որ վիրահատությունից հետո նա կլինի այպիսին, ինչպիսին մինչ վիրավորումն էր»,-հավելեց Դավթյանը:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը նկատեց, որ ՀՀ գտնվում է այնպիսի վիճակում, որ այսպիսի խնդիրներ լինելու են: Նա նաև հավելեց, որ ինքն ու Ալբերտի մայրը դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:
«Մենք պատերազմական վիճակում ենք և բավականին զինհաշմանդամներ ունենք: Հիմա զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոն է բացվել, որտեղ շատ վիրավոր տղաներ կկարողանան իրենց բուժումը ստանալ: Այնտեղ ժամանակակից սարքավորումներ կլինեն, որոնք կօգնեն զինհաշմանդամներին»,- եզրափակեց Մանուել Մանուկյանը:










