Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բնակելի շենքի պատին. կա 48 տուժած (լուսանկարներ)
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Էբերբախ քաղաքում երեխաներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բնակելի շենքի պատին: Այս մասին հայտնում է Rhein Neckar Zeitung պարբերականը:
Ինչպես N24 հեռուստաալիքի եթերում նշել է Մանհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Դավիդ Ֆաուլհաբերը, միջադեպի հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում՝ 43 երեխա: Վարորդը թեթև վնասվածքներ է ստացել: Տուժածներից տասը գտնվում է ծանր վիճակում, որոնցից հինգի կյանքին վտանգ է սպառնում:
Ավտոբուսի վարորդի խոսքով՝ այն անհայտ պատճառով դուրս է եկել գծից, առանց արգելակելու բախվել մի քանի ավտոմեքենայի և վերջում՝ պատին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ խոսքը երթուղային ավտոբուսի մասին է, որն առավոտյան մոտակա բնակավայրերից Էբերբախի դպրոց էր տանում դպրոցականներին: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ի սահմաններում:
Նշվում է, որ վթարի վայրում աշխատում են ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության աշխատակիցները: Ճանապարհն ամբողջությամբ փակ է:



















