«Էներգետիկայի մասին» նոր օրենքով կազատականացվի շուկան, շեղումների դեպքում շուկայի մասնակիցների համար կսահմանվի պատասխանատվություն (ԱԺ նիստը՝ ուղիղ)
ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ նշված փոփոխություններն ուղղված են էներգետիկայի բնագավառի զարգացմանը, էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացմանը, ՀՀ կառավարության լիազորված մարմնի և հանրային ծառայությունների կազմավորման հանձնաժողովի իրավասությունների հստակեցմանը, միապետական առևտրի զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը:
Փոխնախարարը նշեց, թե գործող մոդելը ներդրվել է 2004թ-ին և հենվում է միակ գնորդ և վաճառող մոդելի վրա: «Այս դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից գնելու և սպառողներին վաճառելու իրավունքը»,-ասաց նա և հավելեց, որ զարգացած և զարգացող երկրներում էլեկտրաէներգիայի շուկաներն արդեն իսկ ազատականացված են և մրցակցային շուկայի կառուցվածքի ուղենիշ ունեն:
Նախարարը նշեց, որ ոլորտի մարտահրավերները վերանայելու, հասցեականացնելու, պետական քաղաքականությունը հստակեցնելու, մրցակցությունների շրջանակը, կառուցվածքի պահանջները հստակեցնելու և ազդանշաններ հաղորդելու կարիք կա կայուն զարգացման համար։
«Ներկայիս շուկան հենվում է էլէնեգետիկայի արտադրության և սպառման տարեկան կանխատեսման ծավալների վրա, և շուկայի մասնակիցների համար չի սահմանվում պատասխնատվություն շեղումների դեպքում: Արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված և փաստացի ծավալների տարբերության ռիսկերը հավասարակշռվում են սպառողներին առաքվող էներգիայի սակագների միջոցով, ներառելով նաև էլեկտրոբաշխման լիցենզիա ունեցող անձի այդպիսի ռիսկերի հավասարակշռման արժեքը»,-ասաց նա և նշեց, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է շտկել այս ամենը:










