Պերմում դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժած հայ տղան ինքնուրույն է հասել հիվանդանոց

10:33 • 16.01.18

Հունվարի 15-ի առավոտյան Պերմի № 127 դպրոցի աշակերտների վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժածների թվում է հայ տղա:

Ինչպես հայտնում է kp.ru կայքը, 10-ամյա տղան վնասվածքներ է ստացել գլխի հատվածում:

Տղայի հայրը՝ Արգիշտի Աբրոյանը, աղբյուրի հետ զրույցում պատմել է, որ մոտավորապես ժամը 9.45-ին որդու դասարան են ներխուժել 2 տղա:


«Նրանցից մեկը վազել է ուսուցչուհու մոտ ու դանակով հարվածել, հետո անմիջապես մոտեցել է առաջին նստարանին նստած որդուս ու կտրվածքներ հասցրել գլխի հատվածում: Տղաս արագ վեր է թռել, վազել է միջանցք, հետո դուրս է եկել փողոց ու վազել Գագարինի փողոցի վրա գտնվող պոլիկլինիկան: Այնտեղ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել»,- պատմել է նա:

Հայտնի  է, որ տղան այժմ հոսպիտալացված է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հարձակման հետևանքով վիրավորների թվում է նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թվականին ծնված Մենուլա Աբրոյանը:

Պերմի դպրոցում դանակահարությունը տեղի է ունեցել դանակով զինված երկու դեռահասների կռվից հետո, որոնց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 10 աշակերտ և ուսուցիչը: Երկուսը՝ ուսուցիչը և 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ մահափորձի մասին հոդվածով: Անցկացվում է հետաքննություն:

Հարձակվողները ձերբակալվել են: