ԱԺ-ում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)
ԱԺ-ում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» և կից օրենքների փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծում առաջինից երկրորդ ընթերցման փոփոխությունները և նշեց, որ հաշվի են առնվել «Ելք» խմբակցության որոշ առաջարկներ:
Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, թե այն սահմանադրական օրենքներից մեկն է, որի շուրջ անհրաժեշտ է ավելի մեծ քվորում, քան սովորական օրենքների դեպքում:
Նա որոշ հարցերի անդրադարձավ՝ մասնավորապես Ելք» խմբակցության առաջ քաշած, որոնք քննարկվել են պետաիրավական հանձնաժողովում:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է՝ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սահմանադրական դատարանի դատավորը ցանկացած պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
Սահմանադրական դատարանի դատավորն անկախ է, անաչառ, գործում է միայն Սահմանադրությանը համապատասխան և հաշվետու չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար կամ այլ անձի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ:










