16-ամյա իտալացին դատի է տվել մորն՝ իր լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

22:43 • 16.01.18

Մարդիկ սովորաբար սոցցանցերում հրապարակում են իրենց հարազատների, սիրելիների և հատկապես երեխաների լուսանկարները՝ առանց անգամ մտածելու, որ դա կարող է իրավական հետևանքներ ունենալ:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, Իտալիայում տեղի ունեցած դեպքն ստիպում է երկու անգամ մտածել ուրիշների լուսանկարները հրապարակելուց առաջ: Անցյալ տարի 16-ամյա իտալացի տղան դատի է տվել մորը, ով պարբերաբար հարապարակել է իր լուսանկարները Facebook-ում՝ առանց իր համաձայնության:

Տղան պնդել է, որ մոր գործողություններն այնպիսի ազդեցություն են ունեցել նրա սոցիալական կյանքի վրա, որ նա մտածել է նույնիսկ տեղափոխվել սովորելու ԱՄՆ-ի ավագ դպրոցներից մեկում, որպեսզի ամեն ինչ «նորից սկսի»:

2017-ի դեկտեմբերի 23-ին Հռոմի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավորը պատմական որոշում է կայացրել պատանու օգտին՝ պարտավորեցնելով նրա մորը մինչև 2018-ի փետրվարի 1-ն իր սոցիալական էջից ջնջել որդուն վերաբերող բոլոր գրառումները կամ 10 000 եվրո տուգանք վճարել: