«Կեղտոտ հայ» արտահայտության համար պետք է ներողություն խնդրել. ANCA-ն նամակ է հղել ամերիկյան հեռուստաալիքին
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան թևը (ANCA Western Region) նամակ է հղել ամերիկյան Comedy Central մալուխային հեռուստաալիքի նախագահ Քենթ Ալթերմանին՝ պահանջելով ներողություն խնդրել ծրագրերից մեկի ժամանակ հնչած «կեղտոտ հայ» արտահայտության համար: Բացի այդ, ANCA-ն հանդիպում է պահանջել Ալթերմանի հետ, որպեզի քննարկվեն կատարվածի հանգամանքները:
Ինչպես նշում է Asbarez-ը, նամակի հեղինակներն ընդգծել են, որ հեռուստաալիքի ղեկավարությունը հավասարապես պատասխանատվություն է կրում հայ համայնքի հասցեին արված վիրավորական արտահայտության համար:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Միացյալ Նահանգների հայ համայնքը Daily Show հաղորդման վարող Թրևոր Նոահի թույլ տված արտահայտությունը գնահատում է որպես ստորացուցիչ քայլ ու նրանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Բացի այդ, ANCA-ն կոչ է արել այս հարցով անհանգստացող մարդկանց նամակ ուղարկել Ալթերմանին:
«Մի՛ սպասեք մինչև որ հաջորդ մեկը նման բան անի»,-կոչ է արել ANCA-ն:
Հիշեցնենք, որ ամերիկացի հաղորդավարը հայերին վիրավորել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին խոսելիս:
«Երեկ առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է իր հոգեկան առողջության մասին հարցերին՝ Twitter-ում հաղորդագրություն գրելով: Սա իսկապես ծիծաղելի է: Միայն Դոնալդ Թրամփը կարող էր պաշտպանել իրեն և միևնույն նախադասության մեջ ամբողջովին արժեզրկեր իր ասածը: Դա նման կլիներ նրան, եթե մեկն ասեր՝ «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հային»,- ասել էր մասնավորապես Նոահը:










