Երևանում երթուղայինների վարորդները գործադուլ են անում (տեսանյութեր, թարմացվում է)
12։16
Գործադուլ անող վարորդների հետ բանակցելու էր եկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, նա նշեց, որ իրենք աշխատում են սպասարկողների հետ:
«Աշխատում ենք ամեն ինչ անել, որ երթևեկեն, քաղաքացիները ոչ մի բանով մեղավոր չեն, իսկ թանկացումների հետ կապված կտրվի համապատասխան լուծում: Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել, ամեն երթուղում մի քանի մեքենա աշխատում են, մեր նպատակը քաղաքացիները երթևեկությունը կազմակերպվի»,-ասաց Նավասարդյանը:
Հարցին, թե ինչպես է տեսնում ստեղծված իրավիճակից ելքը, նա նշեց. «Ելքը չեմ կարող տեսնել, տրանսպորտի նախարարությունը և ԱԺ-ն այս հարցը բարձրացրել են, քննարկման փուլում է»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե ուղեվարձի թանկացում հնարավոր է լինի, Նավասարդյանը մեջբերեց վարորդների ասածը, ըստ որի, պետք չէ թանկացնել, իրենք 100 դրամով կաշխատեն, եթե գազի գինը իջնի:
11.52
Գործադուլ անող վարորդներից մեկը նշեց, որ 270 դրամով «խաբում, մարդկանց վրա գազ են ծախում»։
Այլ վարորդներ նշեցին՝ իրենք գազի գնի թանկացման հետևանքով 1500-2500 դրամ ավել են վճարում:
«Իմ հարազատներին ես Նոր տարուն չեմ տեսել։ 8-9 հազար դրամով գազ էի լցնում, 13-14 հազար էլ պլան էի մուծում։ Հիմնարկի վրա հարկեր են դրված, գազը բարձրանում է՝ տուժում է վարորդը, գոնե գազը էժանացնեին, օրվա մեջ 2500 դրամի տարբերություն է տալիս, ամիսը գալիս է 40 հազար դրամ։ Հիմա գամ ծառերի տակ մաքրեմ, ինձ 45 հազար դրամ կտան, էլ ինչի՞ գնամ էշություն անեմ: Չհաշված կամեռայի ակտերը, կանգնում ես խաչմերուկին, 100 դրամ ես վերցնում, 10 հազար դրամի ակտ է գալիս»,-ասաց վարորդներից մեկը:
Tert.am-ի հարցին, թե որքան են մտադիր շարունակել բողոքը, վարորդները նշեցին՝ այնքան, մինչև գազը իջնի իր հին գնին:
11.15
35, 37, 44, 75 համարի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են անում Երևանում՝ ի նշան գազի թանկացման դեմ բողոքի:
Նրանք փակել են Րաֆֆու փողոցը: Ոստիկանական ուժերը հորդորում են դուրս գալ ճանապարհից :
«Ես ուզում եմ իմ փողի համար պայքարել: Ես իմ թոռան փողի մասին չմտածեմ, դուք կմտածե՞ք»,-ասաց վարորդներից մեկը՝ պատասխանելով իրենց հետ բանակցելու եկած անձին, ով նշեց՝ փողոցում գոռալով հարցը չի լուծվի:
«Գնանք համապատասխան տեղ նստենք՝ լուծում տանք, տղե՛րք ջան»,- վարորդներին ասաց նրանց հետ բանակցելու եկած անձը, ինչին ի պատասխան վարորդները նշեցին, որ «էլ հավատ չկա մեր մեջ»։













