Կոսովոյում սպանել են սերբական կուսակցության առաջնորդին

15:26 • 16.01.18

Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում սպանել են կոսովացի սերբերի առաջնորդներից մեկին՝  Սերբիայի կառավարությունում Կոսովոյի և Մետոխիայի հարցերով նախարարի նախկին տեղակալ Օլիվեր Իվանովիչին, հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:


Քաղաքական գործչի սպանությունը տեղի է ունեցել նրա ղեկավարած «Ազատություն, ժողովրդավարություն, արդարադատություն» կուսակցության գրասենյակի մոտ: Նա ստացել է հինգ հրազենային վնասվածք:


Նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքական գործչի վրա կրակել են գրասենյակի դռների մոտ: Ոստիկանության աշխատակիցները պարզում են սպանության հանգամանքները:


Իվանովիչի մահը գրանցել են տեղի ժամանակով ժամը 9:30-ին՝ վերակենդանացման փորձերից հետո:


Սերբիայի կառավարությունում Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի ղեկավար Մարկո Ջուրիչը սպանությունն անվանել է Կոսովոյի հյուսիսում քաոս ստեղծելու նպատակով իրագործված հանցագործություն, որի միջոցով ցանկանում են ժողովրդին ներքաշել կոնֆլիկտի մեջ:


«Ով էլ կանգնած լինի սպանության հետևում՝ ալբանացի, թե սերբ հանցագործներ, նրանք պետք է պատասխան տան»- հայտարարել է նա:


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Իվանովիչի սպանության առնչությամբ: