Վիճակախաղերն ունեն ծավալված ցանց, միջինում մոտ 200 տոտալիզատորներ. ֆինանսների փոխնախարար (ԱԺ նիստը՝ ուղիղ)

16:04 • 16.01.18

Ազգային ժողովում «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե օրենքի ընդունման դեպքում լինելո՞ւ է արդյոք որևէ մեխանիզմ, որը կարողանա ստուգել այդ սարքերից օգտվող ֆիզիկական անձանց տարիքը։

Նա հիշեցրեց Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը, թե փողոցում լուսանկարել է վիճակախաղային ապարատներից օգտվող անչափահասների:    

«Միգուցե այդտեղ պետք է տեղադրել տեսախցիկներ, եթե կարողանում ենք ճանապարհներին արագության խախտման փաստերն արձանագրել, ապա ինչո՞ւ նման դեպքերը չվերահսկվեն կոնկրետ լիազոր մարմնի կողմից»,-հարցրեց Կյուրեղյանը։

Ֆարմանյանը ենթադրեց, թե փողոցային ապարատների գործունեությունը որևէ կերպ չի կարգավորվում օրենսդրությամբ։

Նախագծի հարակից զեկուցող ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝ փաթեթը հեղինակների հետ քննարկել են, չնայած ընդհանուր գաղափարախոսությունը համահունչ է կառավարության վարած քաղաքականությանը: Միաժամանակ նա ասաց, թե կառավարությունն ունեցել է մի քանի դիտողություններ։

«Պարոն Ֆարմանյանի հետ համաձայնություն ունենք առաջինից երկրորդ ընթերցում յուրաքանչյուր դիտողություն համատեղ քննարկել։ Ինչ վերաբերում է 18 տարեկան շեմի փոփոխությունը 21 տարեկան դարձնելուն, դրա ո՛չ իրավական, ո՛չ տնտեսական եզրակացությունը կառավարությունը չի տվել, այդ հարցը քննարկման առարկա պետք է դառնա առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ»,-ասաց փոխնախարարը։

ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե այս ոլորտում քանի՞ տնտեսվարող սուբյեկտ կա, և տեսական մարմինն ի՞նչ պոտենցիալ ունի այդ ամենը վերահսկելու համար։

Փոխնախարարը պատասխանեց, որ վիճակախաղի 5 գործող կազմակերպիչ կա, ինտերնետ շահումով խաղերի 3 կազմակերպիչ և 4 խաղատուն։

«Վիճակախաղերն ունեն ծավալված ցանց, միջինում մոտ 200 տոտալիզատորներ (կետեր), ստուգող մարմինը Լիզենզավորման պահանջների հսկողության տեսչությունն է, որի հաստիքային միավորների քանակն 9-ն է, ստուգումներն իրականացվում են ըստ նախապես հայտարարված պլանների, այսինքն՝ ամեն տարվա վերջ ներկայացվում է, թե մյուս տարի ում ենք պատրաստվում ստուգել, վարչապետը հաստատում է այդ ծրագիրը»,-ասաց փոխնախարարը։