Միասնական Սիրիայի վերածնունդը հեշտ առաջադրանք չէ, բայց մենք այդ գործը գլուխ կբերենք. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ

17:44 • 16.01.18

Ռուսաստանը օգնեց մեզ իբրև պետություն, և ես՝ իբրև քաղաքացի, դուրս եմ եկել շնորհակալություն հայտնելու. լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ շնորհակալական ակցիա նախաձեռնած` Հայաստանում Սիրիայի ուսանողական միության նախագահ Ժուլյա Փամփալյանը:

«Ահաբեկչական ուժերն արդեն խփում էին ամեն տեղ՝ համալսարաններ, եկեղեցիներ, մզկիթները: Իմ ազգականներից երեք զոհ ենք տվել արդեն: Հայաստանի ՀԿ-ների հետ այստեղ ենք՝ շնորհակալություն հայտնելու Ռուսաստանին, որ հումանիտար օգնություն ցուցաբերեց Սիրիայի ժողովրդին: Ես 2012 թվականից Հայաստանում եմ, Բժշկական համալսարանի ուսանող եմ: Ազգականներս, ընտանիքիս այնտեղ է, բայց հարցական է՝ կարո՞ղ ենք հետ վերադառնալ, թե ոչ, ամեն ինչ փլվել է»,-ասաց Փամփալյանը:

Հայաստանում Սիրիայի ուսանողական միության հետ համատեղ հինգ այլ ՀԿ-ներ՝ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն, «Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ-ն, «Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան», «Տարածաշրջանային գիտական և կրթական կենտրոնների միավորում» և «Զարգացում» ՀԿ-ները, շնորհակալական նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն՝ ի նշան երախտագիտության Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը, որն այս տարիների ընթացքում Սիրիայի ազատագրման գործում աջակցել է և հումանիտար օգնություն է ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, այդ թվում՝ սիրիահայությանը:

Նամակում մասնավորապես ասված էր. «Հարգելի պարոն դեսպան Իվան Վոլինկին, մենք ուզում ենք մեր երախտիքի խոսքը հղել ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, որ ամենադժվարին պահին սատարեց Սիրիայի բազմազգ խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հայերին և իր ներդրումն ունեցավ Սիրիան ահաբեկիչներից ազատագրելու գործում»:

«Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ նախագահ Ծովինար Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Նամակում մեր շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի իշխանությանն այս տարիների ընթացքում սիրիական ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար։ Նաև ընդգծել ենք հայկական համայնքը, որը բավականին մեծ է Սիրիայում, որի կողքին եղել է ՌԴ-ն: Հայ-ռուսական միացյալ օպերացիայի շնորհիվ Էրեբունի ավիաբազայից Սիրիա մեկնեցին օդանավեր հումանիտար օգնությամբ»:

Շնորհակալական ակցիայի կազմակերպիչները նամակը հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդատու Ալեքսանդր Վասիլեևին:

Վերջինս նշեց, որ Սիրիային օժանդակելու օպերացիան հիմնականում տարվում է հումանիտար ուղղություններով:

«Երկիրը պետք է վերականգնել, ամենակարևորը միասնական Սիրիայի վերածնունդն է, ցավոք, դա հեշտ առաջադրանք չէ, կան շատ ուժեր, որ խոչընդոտում են այդ գործընթացին: Մենք բոլորս միասին՝ այդ թվում ՀՀ կառավարության օգնությամբ, սիրիահայ համայնքի աջակցությամբ այդ դժվար առաջադրանքը գլուխը կբերենք: Շնորհակալ եմ, մենք անպայման նամակը կփոխանցենք մեր ղեկավարությանը»,-ասաց Ալեքսանդր Վասիլեևը: