Պուտինի շտաբը հայտնել է ավելի քան 1 միլիոն «աջակցող» ստորագրություն հավաքելու մասին

17:20 • 16.01.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության աջակցության համար հավաքվել է ավելի քան 1 միլիոն ստորագրություն: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել են թեկնածուի շտաբից:


Ինքնառաջադրված թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների առնվազն 300.000 ստորագրություն:


Շտաբը որոշում է կայացրել չդադարեցնել ստորագրությունների հավաքագրումը և «հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին իրենց աջակցությունը հայտնել թեկնածուին»: Ստորագրությունները, որոնք չեն հանձնվի ԿԸՀ, կմնան շտաբում թեկնածուի աջակիցների բազայի կազմավորման համար: 


Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Պուտինը հայտարարել էր դեկտեմբերին Նիժնի Նովգորոդում ГАЗ գործարանի 85-ամյակին նվիրված միջոցառմանը:


Հիշեցնենք, որ Օլիմպիական երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել են Վլադիմիր Պուտինի վստահված անձինք:


Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին: