Արդարադատության նախկին և ներկայիս նախարարները և ՔԿՎ պետը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը. փաստաբանը բողոքարկել է դատախազության անգործության դեմ
Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը 2017թ. դեկտեմբերի 11-ին Գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել, որ արդարադատության նախկին և ներկայիս նախարարները և ՔԿՎ պետը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը: Փաստաբանը հայտնեց, որ 2016թ. օգոստոսի 15-ին դիմում-պահանջ էր ներկայացրել, այն ժամանակահատվածում, երբ ըստ Եվրոպական բժշկական թիմի՝ անհրաժեշտ էր օգոստոսին վիրահատել Հովհաննես Հարությունյանին:
«Հաղորդում ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Գլխավոր դատախազության կողմից դրսևորվել է անգործություն, քանի որ քրեական գործ չի հարուցվել: Այդ անգործությունը բողոքարկել եմ դատական կարգով 2018թ. հունվարի 11-ին: Եվ նույն օրը՝ 11.01.2018թ., Գլխավոր դատախազությունից ստացել եմ պատասխան, որ հանցագործության մասին հաղորդումս չի քննվելու»,-ասաց փաստաբանը:
Հայարփի Սարգսյանի խոսքով՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանը և ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը պետք է լուծում տային հարցին, սակայն ոչինչ չի արվել, և իր պաշտպանյալը բուժում չի ստացել. «Իսկ դատախազության պատասխանը ենթադրում է, որ դա անգործություն է գլխավոր դատախազի կողմից»:










