ԱԺ–ն քննարկում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ-ում քննարկվում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխության անհրաժեշտությունը բխում է 2015թ. Սահմանադրության փոփոխությունից և երկու կարևոր նպատակ է հետապնդում:
«Առաջինը՝ ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումը և ընդհանուր ղեկավարումն այս օրենքով վերապահված է ՀՀ նախագահին, մինչդեռ 15-ի Սահմանադրությամբ սպառիչ թվարկված են նախագահի լիազորությունները, և նման լիազորություն չունի. ուստի այս նախագծով նախատեսվում է այդ լիազորությունը վերապահել վարչապետին»,-ասաց նա։
Երկրորդ փոփոխությունը, ըստ նրա, այն է, որ օրենքում օգտագործվող «հանրապետական գործադիր մարմիններ» բառակապակցությունը փոխարինվել է «պետական կառավարման մարմիններ» բառակապակցությամբ:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են իրականացնում համապատասխան մարմիններն ահաբեկչության դեմ պայքարում:
«Այսօր աշխարհը պայքար է մղում ահաբեկչության դեմ, մենք, բարեբախտաբար, այդ կիզակետում չենք, բայց այդուհանդերձ որևէ երկիր ապահովագրված չէ ահաբեկչությունից»,-ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Հավատացեք, բավական լուրջ գործողություններ կատարվում են և գաղտնի են պահվում, դրա մասին բարձրաձայնելն այս ամբիոնից՝ տեղին չէ: Մենք կիզակետում չենք, և դա պայմանավորված է ակտիվ գործողություններով, որոնք համապատասխան մարմինները շարունակաբար ձեռնարկում են»,-ասաց նա և նշեց, որ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային կառույցների հետ համագործակցում են:
«Առանց համագործակցության չենք կարող լուրջ արդյունքներ ունենալ»,-ասաց նա:










