Նման պետական մեղադրող չի կարող լինել. Վերաքննիչում Սամվել Բաբայանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց, որը մերժվեց
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից վեց տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկուսի՝ Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննությունը:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ասաց, որ պաշտպան չունի, հանրային պաշտպանի կարիք ևս. «Ի՞նչ եմ արել, որ պաշտպանվեմ»:
Մեղադրանքը Վերաքննիչ դատարանում պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը, ում բացարկի միջնորդություն ներկայացրեց Սամվել Բաբայանը:
«Ես բացարկ եմ հայտնում դատախազին, որովհետև գլխավոր փաստերը մեղադրական եզրակացության մեջ հատուկ չի ընդգրկել: Ես փաստերով կապացուցեմ, որ դատախազն այդպես է արել: Նախաքննական մարմինը ներկայացրել է երրորդ անձի ձայնագրությունը, որտեղ ասվում է, որ ապրանքը չկա և ապրանքից հրաժարվում են: Դա պարզ ձայնագրված է, սակայն պետական մեղադրողն իր մեղադրականում դա չի ընդգրկել, նման պետական մեղադրող չի կարող լինել: Նրա պահվածքը խոսում է այն մասին, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի»,-ասաց Բաբայանը:
Սանասար Գաբրիելյանը համաձայնեց. «Այո, այո, լավ չի վերաբերվում մեզ: Կամանդույուշիին բոդդերժիվայու, մարդը պատվեր է կատարում, անմեղ մարդկանց նստեցնում են, ցավդ տանեմ»:
Արմեն Պողոսյանը ևս համաձայնեց միանալ բացարկի միջնորդությանը:
«Հարգելի՛դատարան, եթե իմ պաշտպանյալն ասում է, որ մեղադրողին բացարկ հայտնելու հիմքեր կան, ես միանում եմ»,- ասաց Ավետիս Քալաշյանը:
Դատախազ Արամ Արամյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, որևէ իրավաբանական հիմնավորում չկա. «Բաբայանը չնշեց օրենքով նախանշված որևէ հիմք, ընդամենը մատնանշեց, որ մեղադրանքի կողմը կողմնակալ է, ինչը զուրկ է իրավական և փաստական հիմնավորումից, խնդրում եմ միջնորդությունը մերժեք»:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալով հայտնեց միջնորդությունը մերժելու որոշման մասին: Դատական նիստը շարունակվում է:
Դատապարտյալ Սամվել Բաբայանը,առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա պահանջում է արդարացնել իրեն՝ արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և դատապարտվել 3 տարի ազատազրկման, պահանջում է իրեն անպարտ ճանաչել:
2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու կայացնել արդարացման որոշում:
Նշենք, որ գործով անցնում էին ևս չորս ամբաստանյալ: Առաջին ատյանի դատարանը Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար: Նրանց պատիժը պայմանականորեն չի կիրառվի:










