Տոկիո թռչող ինքնաթիռը շարժիչի բռնկման պատճառով վթարային վայրէջք է կատարել Հելսինկիի օդանավակայանում

10:30 • 22.01.18

Հելսինկիից Տոկիո թռչող Japan Airlines ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թռիչքի օդանավակայանում՝ շարժիչի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը, գրում է «Իզվեստիա»-ն:


«Ինքնաթիռը դուրս է եկել Հելսինկիից տեղի ժամանակով ժամը 17:07-ին, բայց վերադարձել է տեխնիկական պատճառով ժամը 18:34-ին, վայրէջքը բարեհաջող է անցել»,- հայտարարել է JAL-ի ներկայացուցիչը:


Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ օդանավի վայրէջքը տեղի է ունեցել մի շարժիչով, վիրավորներ չկան: Ինքնաթիռում եղել է 164 ուղևոր և անձնակազմի 13 անդամ:


Դեպքի ականատեսները հայտնել են ինքնաթիռում տիրող խուճապի մասին:


Finavia ընկերությունում նշել են, որ վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիմավորել է 12 հրշեջ մեքենա: